Ադրբեջանի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմը կվերացվի, այս ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում: Այս մասին թուրքական “Դունյա” թերթի հետ զրույցում ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆայիք Բաղիրովը:
“Վիզային ռեժիմը, իհարկե, կվերացվի: Այդ ուղղությամբ աշխատանք արդեն տարվում է”, – ասել է Բաղիրովը՝ նշելով, որ այդ հարցը բարձրացվել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության բարձրագույն խորհրդի նիստում:
Դիվանագետը ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցների խումբն այս առնչությամբ այցելել է Անկարա, և մոտ ապագայում ակնկալվում է թուրքական կողմի այցելությունը Բաքու:
“Այս հարցերը կլուծվեն մոտ ապագայում, դրանով շատ են հետաքրքրվում, սակայն ոչ ոք չի ասում, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմ, ըստ էության, չկա: Այսպես՝ միայն Թուրքիայի քաղաքացիներն են, որ կարող են այցագիր ստանալ օդանավակայանում՝ Ադրբեջան մտնելուն պես: Մյուս երկրների քաղաքացիներին նման հնարավորություն չի ընձեռնվում: Այցագրային ռեժիմը կարող է վերացվել մեկ տարվա ընթացքում”, – ասել է Բաղիրովը:
Tags: ադրբեջան, թուրքիա, Ֆայիք Բաղիրով
