Ճարտարապետության պետական կոմիտեն հակասում է Սահմանդրությանը

Հրայր-Թովմասյանarm137233714221Կառավարության որոշմամբ ստեղծվել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նիստում ասաց, որ նորաստեղծ կոմիտեի խնդիրն է լինելու ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, կառուցապատման համար բարենպաստ միջավայր ստեղծելն ու ներդրումները խրախուսելը, քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածքներում բարենպաստ պայմանների ստեղծման ապահովումը, օրենսդրական դաշտի բարելավումն ու այլ խնդիրներ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրեց վարչապետի հանձնարարականը` այս ամբողջ հարաբերությունները օրենքով կարգավորելու համար:«Թեպետ մեր դիտողություններից, առաջարկություններից հետո որոշակի վերախմբագրումներ են կատարվել, բայց ըստ էության հարցը չի լուծվում: Քողարկված ձևով այնուամենայնիվ մնում է, որ այս ոլորտում քաղաքականություն իրականացնողն այս կոմիտեն է, ինչը ուղղակիորեն կհակասի Սահմանդրությանը, քանի որ կոմիտեն քաղաքականություն չի կարող իրականացնել: Երկրորդը վերաբերում է լիազորություններին: Մենք ունենք Սահմանադրություն, մեր Սահմանադրության համաձայն պետական մարմնի լիազորությունները կարող են սահմանվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով: Մենք այստեղ, ուզենք թե չուզենք, պիտի հաստատենք, որ կոմիտեին տալիս ենք լիազորություններ, ինչը չունենք մենք օրենքով, հիմքը չունենք, այսինքն՝ Սահմանադրությամբ այս կոմիտեի մասին բան չկա: Այս փուլում պիտի դիտարկենք, որ կոմիտեն լինելու է խորհրդատվական մարմին, լիազորություններն այդպիսին պետք է լինեն, և օրենքով նոր կարգավորենք այս հարաբերությունները»,- ասաց Հ.Թովմասյանը:


Վարչապետի հարցին, թե «մենք նախադեպ ունենք չէ՞», Հ.Թովմասյանը պատասխանեց. «Վատ նախադեպ ունենք»: Մեկ այլ նախադեպ էլ էր գալիս՝ այս նախադեպին հղում անելով, մենք հիմա փորձում ենք դա օրենքով կարգավորել»:

Տ.Սարգսյանի հարցին, թե բոլոր կոմիտեների վերաբերյալ մենք հիմա խնդի՞ր ունենք, պետք է կարգավորենք օրենքո՞վ, արդադատության նախարարը նշեց, որ նրանց մի մասի լիազորությունները սահմանված են օրենքով: «Եթե անշարժ գույքի կադաստրի մասին խոսենք, մենք ունենք օրենք, որտեղ հստակ այդ լիազորությունները սահմանվում են: Ավիացիայի մասին օրենքով ևս սահմանվում են ավիացիայի ոլորտի լիազորությունները: Սակայն ջրային կոմիտեն օրենքով ստացած լիազորություններ չունի, բայց լավ վիճակից չէ, որ չունի»,- նշեց Թովմասյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդարադատության նախարարին հանձնարարեց ներկայացնել օրենսդրական կարգավորման առաջարկություններ:

 

Tags: , ,