Թուրքիայիում երկու եկեղեցիների վրա հարձակում են գործել

Թուրքիայիում երկու եկեղեցիների վրա հարձակում են գործելԱպրիլի 27-ին և 28-ին Թուրքիայում հարձակումներ են տեղի ունեցել եկեղեցիների վրա: Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” շաբաթաթերթը տեղեկացնում է, որ այս վանդալիզմին թուրքական ազգային մամուլը որևէ կերպ չի անդրադարձել:

Ապրիլի 27-ին 30-40 հոգուց բաղկացած անհայտ անձանց խումբը ձվերով և քարերով հարձակվել է Աթաշեհիրի “Նոր հույս” եկեղեցու վրա: Կոտրվել են եկեղեցու ապակիները, տեղահանվել` եկեղեցու վահանակը, պատռվել` մուտքի դռան վրա փակցված դեկորները: Խմբի անդամներից ոմանք հարվածել են դռանը` փորձելով ներս մուտք գործել, սակայն չի հաջողվել: Շուտով դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Այս դեպքից մեկ օր հետո` ապրիլի 28-ին, 15-18 տարեկան անձանցից բաղկացած մեկ այլ խումբ հարձակվել է Բուրգազիում գտնվող “Այօիս Իոնիս” հունական ուղղափառ եկեղեցու վրա: Մտնելով եկեղեցի`նրանք գողացել են մոմասեղանի վրա դրված գումարը, կոտրել պահարանը, վերցրել մոմերը և նետել փողոց:

Հաջողվել է բռնել եկեղեցու վրա հարձակվողներին: Սակայն ոստիկանությունը, պատճառաբանելով նրանց տարիքը, և այն, որ ոստիկանությունը չունի անչափահասների համար նախատեսված բաժանմունք, ազատ է արձակել նրանց: Ոստիկանության նման պահվածքը դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում:

Tags: ,