Արձակուրդ մեկնած աշխատողն այլևս չի կորցնի աշխատանքը գործատուի կամայականության հետևանքով

g_imageԱյսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրինագծերից մեկը վերաբերում էր աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին: Նոր օրենքով պաշտպանվում է աշխատողի` արձակուրդից վերադառնալուց հետո կրկին իր աշխատատեղը զբաղեցնելու աշխատանքային իրավունքը` զերծ մնալով գործատուի կամայականություններից:

Օրինագծի մանրամասների վերաբերյալ «Անկախ»-ը պարզաբանումներ ստացավ նախագծի համահեղինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանից:

«Այս օրենքով  աշխատողի աշխատատեղի պահպանման դրույթը տարածվում է նպատակային արձակուրդի բոլոր տեսակների վրա, սա նոր երաշխիք է, որպեսզի աշխատողին կամայականորեն աշխատանքից չզրկեն»,-ասաց նա:

Նպատակային արձակուրդի տեսակները ոչ միայն հղիության և ծննդաբերության արձակուրդներն են, այլ նաև մինչև 3 տարեկան երեխայի համար տրվող, ուսումնական նպատակով, չվճարվող, ինչպես նաև ծառայությունների ժամանակ տրվող կարճաժամկետ արձակուրդները: «Այս բոլոր դեպքերի ժամանակ աշխատողը պահպանում է իր աշխատատեղը` բացառությամբ մի դեպքի, երբ կազմակերպությունը լուծարվում է»,-նշեց Կարինե Աճեմյանը:

Նկատենք, որ նախկինում` հատկապես հղիության ու երեխայի խնամքի համար արձակուրդ մեկնած աշխատողներին արձակուրդից վերադառնալուց հետո հաճախ կազմակերպության տնօրինությունն աշխատանքի չէր վերցնում` ինչ-ինչ պատճառաբանություններ անելով: Նոր օրենքով գործատուն այլևս չի կարող աշխատողին զրկել իր աշխատանքից:

Նշենք, որ սա քվերակության դրված այն քիչ  օրինագծերից էր, որն ընդունվեց գրեթե միաձայն:

 

Tags: