Աշխարհի մարդիկ. Ռուսաստանի հայտնի հայերը` մեկ տանիքի տակ

DSC05242 (1) Աշխարհի հայերին շատերն են անդրադարձել, պատրաստել հաղորդումներ, հրապարակումներ, սակայն այսօր արդեն կա գիրք` “Աշխարհի մարդիկ. Ռուսաստանի հայտնի հայերը”, որը նպատակ ունի դառնալու մնայուն արժեք: Գրքի հեղինակ, “Աշխարհի մարդիկ” հիմնադրամի նախագահ Ստեփան Հեքիմյանի խոսքերով` աշխատելով Սիբիրի ամսագրերից մեկում և բազմիցս շփվելով երկրի առաջադեմ անձանց հետ մտածեց անել մի բան, որը կունենա մնայուն արժեք, որը կպատմի այն հայերի մասին, որոնք կայացած են, հայտնի և ապրում են մեր օրերում:

 Լույս է տեսել գրքի դեռևս առաջին հատորը, որին կհաջորդեն ևս 9-ը: Գիրքը թարգմանված է երեք լեզվով` ռուսերեն, անգլերեն և հայերեն: 300 էջ պարունակող գրքում ներկայացված են 50 հայտնի հայեր, որոնց թվում են Արմեն Ջիգարխանյանը, Լևոն Օգանեզովը, Գարիկ Մարտիրոսյանը, Տիգրան Քյոսայանը, Ռուբեն Ահարոնյանը, Սամվել Կարապետյանը և այլք:

Հեքիմյանը մեծ ուրախությամբ նշեց, որի առաջին հերոսը, որի հետ ունեցել է հարցազրույցը եղել է լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը, որին էլ և համարում է իր գրքի հաջողության բանալին:

-Ես չեմ ուզում, որ գիքը կարդան միայն տեղի հայերը, այն նպատակ ունի աշխարհին ներկայանալու, պատմելու այն հայտնի հայերի մասին, որոնք մեծ դեր ունեն աշխարհում, որոնցով մենք հպարտանում ենք, մեր հերոսը համարում,-հավելեց հեղինակը:

Գրքի պատրաստման աշխատանքները տևել են 3 տարի, որի արդյունքում կազմվել է այն 500 հայերի ցանկը, որոնք պետք է տեղ գտնեն գալիք հատորներում: Առաջին հատորը նվիրված է ռուսաստանաբնակ հայտնի հայերին, որոնք տարբեր բնագավառներից են` թատրոնից մինչև գիտություն, իսկ հաջորդ հատորներում արդեն կլինեն աշխարհի տարբեր երկրների հայտնի հայեր: Գրքի կազմը բնական կաշվից է պատրաստած և այն գրքերը, որոնք ևս լույս կտեսնեն` կդառնան հանրագիտարան աշխարհի հայերի մասին:

 

Լուսինե Ասատրյան