Հայաստանում Եվգենի Կասպերսկին ստացավ պատվավոր դոկտորի կոչում և պատմեց վիրուսների և կիբերվտանգների մասին

Եվգենի ԿասպերսկիՀայաստան իր այցի շրջանակներում «Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին ստացավ Հայաստանի առաջատար տեխնիկական կրթական հաստատություններից մեկի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում:  Եվգենի Կասպերսկին և ընկերության տեղեկատվական անվտանգության ոլորտի առաջատար փորձագետները հանդիպեցին կրթական, գործարար հանրույթի, տեխնիկական բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և ներկայացրեցին աշխարհում ու Հայաստանում արդիական կիբերսպառնալիքները, ինչպես նաև դրանց հետ պայքարի միջոցները:

 «Կիբեռսպառնալիքների քանակը անընդհատ աճում է, ուստի առավել կարևոր է դառնում դրանցից պաշտպանվելու գործընթացն ապահովող մասնագետներ պատրաստելը: Աշխարհի ապագա «փրկիչները» պետք է ոչ միայն խորը գիտելիքներ և գործնական ունակություններ ունենան, այլ, առաջին հերթին, պետք է մի քայլ առաջ մտածեն` ստեղծելով նորարար գաղափարներ:

Ուրախ եմ, որ Հայաստանում ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կիբերանվտանգության թեմայի հանդեպ և պատրաստ են կատարելագործվել ու զարգանալ այդ ոլորտում: Ես կրկնակի ուրախ կլինեմ եթե «Կասպերսկի Լաբորատորիան» կարողանա օգնել նրանց այդ հարցում» ,- ասաց Եվգենի Կասպերսկին:

Եվգենի Կասպերսկիի այցի առանցքային իրադարձություններից մեկը, նրան գիտության մեջ նշանակալի ներդրման համար պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունն էր:

«Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրենը նաև մասնակցեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Կասպերսկի Լաբորատորիայի» Ուսումնական և Որակավորման կենտրոնների բացմանը, որոնք ուսանողների կրթությունը կդարձնեն ավելի կիրառական և կիբեռանվտանգության ոլորտի ապագա մասնագետներին թույլ կտան դեռևս ուսումնառության ընթացքում ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ու «Կասպերսկի Լաբորատորիայի»  ծրագրին համապատասխան որակավորում ստանալ:

 

«Մենք բարձր ենք գնահատում տեղեկատվական անվտանգության ոլորտում ընկերության և անձամբ Եվգենի Կասպերսկիի, որպես տեղեկատվության անվտանգության ոլորտի ճանաչված փորձագետի ներդրումը: Վստահ ենք, որ «Կասպերսկի Լաբորատորիայի» փորձը կօգնի ուսանողներին ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ դառնալ»,- նշեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը:

Կրթական հանրույթի հետ ընկերության համագործակցությունը սկսվել է դեռևս չորս տարի առաջ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ «Անվտանգ Հայաստան» հուշագրի ստորագրման պահից:

Տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակներում կողմերը մի շարք կրթական ծրագրեր են իրագործել երկրի կրթական հաստատությունների համար:  Գործընկերների հետ համատեղ իրականացվել են հատուկ սեմինարներ պետական և կոմերցիոն կառույցների ՏՏ-մասնագետների համար, զեղչեր են տրամադրվել պետական կառույցներին «Կասպերսկի Լաբորատորիայի» արտոնագրերի գնման համար:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ ընկերության համագործակցությունը սկսվել է 2009 թվականին, «Կասպերսկի Լաբորատորիայի» կողմից արդեն 7րդ տարին կազմակերպվող CyberSecurity For the Next Generation միջազգային կոնֆերանսում ՀՊՃՀ-ի ուսանողուհու հաղթանակից:

2009 թվականից սկսած ճարտարագիտական համալսարանը գրանցվեց, որպես «Կասպերսկի Լաբորատորիայի» կրթական ծրագրի մասնակից և «Կասպերսկի Ակադեմիայի» հետ կնքեց համագործակցության համաձայնագիր, որը գործում է մինչ օրս:  2013 թվականի փետրվարին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կայացավ CyberSecurity For the Next Generation գիտաժողովի Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների տարածաշրջանային փուլը:

«Կասպերսկի լաբորատորիան» տեղեկատվական անվտանգության ոլորտում ամենադինամիկ զարգացող ընկերություններից մեկն է, որը մտնում է վերջնակետային սարքերի պաշտպանության (Endpoint Protection) ծրագրային լուծումներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների քառյակի մեջ:

Արդեն 16 տարի է, ինչ «Կասպերսկի լաբորատորիան» առաջարկում է արդյունավետ պաշտպանության լուծումներ խոշոր կորպորացիաների, միջին և փոքր բիզնեսի, տնային օգտատերերի համար:  Ընկերության հաջողության հիմնական գործոններից է նորարարական մոտեցումը տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում: «Կասպերսկի լաբորատորիայի» տեխնոլոգիաները և առաջարկները պաշտպանում են 300 միլիոնից ավելի օգտատերերի աշխարհի գրեթե 200 երկրներում: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության պաշտոնական էլ.կայքում www.kaspersky.ru.

Tags: ,