Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստում առաջարկեց կենտրոնի ճարտարապետական տեսքը ներկայանալի դարձնելու համար տեղափոխել կենտրոնական հրապարակի եղևնիները:
Բայց, հաշվի առնելով այս քայլի նախկին արձագանքները, քանի որ նախկինում մի քանի անգամ հատվել են քաղաքի տարբեր հատվածներում գտնվող եղևնիները, որը բարձրացրել էր հասարակական սեկտորի ու բնապահպահանների բողոքի ձայնը, քաղաքապետն առաջարկեց հարցի վերաբերյալ անցկացնել հանրային քննարկում:
“Ճիշտն ասած, շատ գեղեցիկ է մեր հրապարակը, կառուցապատում ենք, ասֆալտապատելու ենք, լուսավորութունն ենք ավելացնելու, շենքերն ենք փորձում լվանալ, շատրվանը նոր լուսային էֆոկտներ է ունենալու… Եթե կհամաձայնեն՝ կտեղափոխենք եղևնիները, էստեղից հանենք, տանենք ուրիշ տեղ: Գիտեմ, հիմա շատ մեծ հնչեղություն է ունենալու, որ ավագանին ուզում է հանել, կամ քաղաքապետն է առաջարկել և այլն: Ինձ թվում է, էն ժամանակ, երբ եղևնիները բերել են, ասել են` չեն բարձրանում, “կառլիկովի” եղևնիներ են, բայց այդպես չի եղել, բարձրացել են: Շատ գեղեցիկ է, բան չունեմ ասելու, բայց լրիվ փակել են տեսադաշտը: Չենք կարող նաև էտել եղևնին: Մասնագետներ եմ հրավիրելու, որպեսզի, եթե հնարավորություն կա, ու հանրային քննարկման ժամանակ էլ դրական եզրակացություն ստացանք, տեղափոխեն ուրիշ տեղ: Եթե անհրաժեշտ է փակ-գաղտնի քվեարկություն անցկացնենք, պետք է հաշվի առնենք մեր բոլոր բնակիչների կարծիքը: Շատ կարևոր խնդիր է: Եթե ուզում են, որ էսպես մնա, թող մնա՝ ես բան չունեմ ասելու”, – նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Իսկ ավագանու անդմաներից էլ նկատեցին, թե մեզանում բոլորն ասում են՝ ինչու եք հանում, իսկ հանելուց հետո ասում՝ ինչ էլ սիրուն եղավ:
Մարիամ Խալաթյան
Tags: բնապահպանություն, գյումրի