Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է Իլհամ Ալիևի հաղթանակը

Ադրբեջան,Իլհամ Ալիև,Սահմանադրական դատարանՀոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստում հաստատվել են հոկտեմբերի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Դրանց համաձայն իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 84.54%-ը (3.126.113 մարդ): Ալիևը ղեկավարելու է առաջիկա 5 տարվա ընթացքում:

Նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից ներկայացված թեկնածու Ջամիլ Հասանլին, ով ըստ պաշտոնական տվյալների` հավաքել է քվեների 5.53%-ը: Վերջինս խնդրել է իրեն խոսքի իրավունք տալ, սակայն մերժել են, որից հետո Հասանլին լքել է նիստի դահլիճը:

Ալիևը նախագահի պաշտոնում ընտրվել է 3-րդ անգամ: 2003թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևը հավաքել էր 76% ձայն, 2008թ.-ի ընտրություններում`88.73% ձայն:

Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցել է ՍԴ-ի նախագահ Ֆարհադ Աբդուլաևը: ՍԴ-ի որոշումը վերջնական է և չի կարող չեղյալ հայտարարվել, փոփոխվել ու պաշտոնապես բողոքարկվել որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից սկսած:

 

Tags: , ,