Ծառուկյանը հայհոյե՞լ է Արթուր Բաղդասարյանին

231584781382296696

Երեկ երեկոյան Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահին դիմավորողների մեջ են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլոք:  Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականը», Նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ փողոցային ամենավերջին հայհոյանքներով իրար հետ վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս Արթուր Բաղդասարյանին հիշեցրել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից գործած «մեղքերը», իսկ Բաղդասարյանը հետ չմնալու համար Գագիկ Ծառուկյանին մատնանշել է ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալուց հետո «առյուծից կատու դառնալը»: Բանը հասել է նրան, որ երկուսն էլ սկսել են իրար ամենավերջին հայհոյանքները տալ՝ հիշելով միմյանց մայրերին և կանանց: Դիմավորելու եկած պաշտոնյաները մի քանի րոպե շարունակ չեն կարողացել զսպել երկուսին էլ: Սերժ Սարգսյանին դիմավորելուց հետո Ծառուկյանն ու Բաղդասարյանն արագ նստել են իրենց ավտոմեքենաները և հեռացել:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Asekose.am-ի հետ զրույցում խնդրեց միայն առավոտյան մեկնաբանություն տալ միջադեպի կապակցությամբ: Իսկ ՕԵԿ-ի մամուլի պատասխանատուի հեռախոսն ընդհանրապես անհասանելի է:

Մինչդեռ Top-news.am կայքի ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, իրականում թեժ վեճ կոչվածը տեւել է 1-2 րոպե, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանրամատչելի ձեւով հիշեցրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, թե ով է նա, եւ թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը: «Այսպես կոչված, թեժ վեճի ընթացքում Բաղդասարյանը մեկ բառ անգամ չի արտասանել, իսկ երբ Ծառուկյանը նրան առաջարկել է դուրս գալ եւ առանձին խոսել’ չխանգարելու համար Անվտանգության Խորհրդի անդամներին, վերջինս շտապել է թաքնվել նրանց ետևում», – գրում է կայքը՝ ավելացնելով, որ Ծառուկյանը փորձել է հնարավորինս զսպել իրեն՝ հասկանալով, որ Արթուր Բաղդասարյանին արդեն շատ վաղուց հնարավոր չէ ավելի նվաստացնել․․․:

 

Tags: ,