«Տաշիրը» մանկապարտեզ կկառուցի նաև Ստեփանավանում

mankapatrez-stepanavan«Տաշիր»  բարեգործական հիմնադրամը  Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ  որոշել է նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ կառուցել նաև Ստեփանավան քաղաքում: Այն կառուցվելու է քաղաքի «Ռումինական»  կոչվող թաղամասում, որը համեմատաբար նորակառույց  է և լինելով բավական խիտ բնակեցված` մանկապարտեզ չունի: Տեղի բնակիչները ստիպված են ամեն օր զգալի ճանապարհ հաղթահարել` իրենց երեխաներին մանկապարտեզ  հասցնելու համար: Եվ ահա, նոր կառուցվելիք մանկապարտեզը, որի հողային աշխատանքներն մոտ օրերս արդեն կսկսվեն, կլուծի  մանկահասակ երեխաներ ունեցող ստեփանավանցիների այս խնդիրը:

Հիշեցնենք, որ Կարապետյանների ընտանիքը մինչ այս որոշել էր մանկապարտեզ կառուցել Տաշիր քաղաքում: Այս մանկապարտեզի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են:

Ինչ վերաբերում է մյուս շինարարական ծրագրերին, ապա մեծ թափով ընթանում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Վեհարանի հիմնանորոգման, հանդիսությունների սրահի կառուցման, ինչպես նաև Լոռու մարզային հիվանդանոցի ծննդատան կառուցման աշխատանքները:

 

«Տաշիր»  բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն