Times-ը պատմում է Շոտլանդիայի հյուսիսարևմտյան ափերից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կաննա ոչ մեծ կղզու բնակիչներին պատուհասած աղետի մասին: Կղզիաբնակների համար գլխացավանք են դարձել հազարավոր ճագարները, որոնք ազատ տեղաշարժվում են ու ոչնչացնում բուսականությունը:
“Ճագարները խժռում են այդ կղզին,-հայտնել է կղզիաբնակներից մեկը:- Բացի այդ, կենդանիներն անդադրում բներ են փորում իրենց դուր եկած տեղում, օրինակ` գերեզմանատանը, քանդել են գերեզմաններն ու դագաղներից ոսկրերը դուրս գցել: Նրանք ամենուր են: Նրանց պատճառով քանդվում են պատերը, քանի որ փորում են տան հիմքը: Նրանք ավերում են մեր հնագիտական հուշարձանները”:
Կաննա կղզում այսօր 12 մարդ է ապրում ու առնվազն 16 հազար ճագար, որոնք ոչ մի րոպե չեն մոռանում բազմանալու մասին: Վերջերս նույնիսկ ճանապարհն է փակվել սողանքի պատճառով, որը կրկին ճագարների “հորատման” հետևանք էր: Ճանապարհը մաքրելու համար մեծ գումարով մայրցամաքից մասնագետներ են հրավիրվել:
Ընդամենը 6 տարի առաջ Շոտլանդիայի (որին պատկանում է կղզին) հուշարձանների պահպանության ազգային ընկերությունը 600 հազար ֆունտ ծախսեց բազմահազար առնետներին լրիվ ոչնչացնելու համար: Չի բացառվում, որ կրծողների բացակայությունն է հանգեցրել ճագարների թվաքանակի ավելացմանը:
Փաստորեն, ինչպես տեղեկացնում է Times-ը, ճագարներն իրենց անսահման ակտիվությամբ սեփական մահապատիժն են ստորագրել. իշխանությունները թունավոր գազով ճագարների գլխովին ոչնչացման վերաբերյալ որոշում են ընդունել:
Tags: աղետ