Մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Մինչ օրակարգը հաստատելը, ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուսական սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպին: Պատգամավորը ԱԺ նախագահին հիշեցրեց, որ նա խոստացել էր ռուսական կողմից համապատասխան պարզաբանում ստանալուց հետո դիրքորոշում արտահայտել:
Նա նաև հիշեցրեց, որ ինքը դիմել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ հասկանալու համար, թե ինչ իրավական հիմքով են օտարերկյա պետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչները գործողություններ կատարել Հայաստանի հանրապետության սահմաններում, սակայն տնօրենի տեղակալն իրեն գրավոր խորհուրդ էր տվել դիմել ԱԺ նախագահին:
Փաշինյանը դիմեց ԱԺ նախագահին, իսկ վերջինս պարզաբանեց, որ այդ հարցով խմբակցությունների ղեկավարների՝ այդ թվում նաև “Ժառանգություն” խմբակցության ղեկավարի հետ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում նա ընթերցել է ռուսական կողմի պատասխան նամակի ողջ բովանդակությունը:
Հովիկ Աբրահամյանը այդ նամակից եզրակացրել է, որ ռուսական կողմը որևէ օրենք չի խախտել և չի գործել առանց հայ իրավապահների մասնակցության: Նա պատրաստ է նամակը տրամադրել յուրաքանչյուր պատգամավորի, և եթե կլինեն կարծիքներ, որ օրենքի խախտում է եղել, ապա կրկին հարցը կքննարկվի և պահանջ կներկայացվի ռուսական կողմին:
Այնուհետև խոսակցությանը միացավ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ երբ քաղաքացուն զինված ինչ որ մարդիկ հարցեր են ուղղում՝ այն էլ օտար լեզվով, ավտոմեքենան խուզարկում են, ապա դա քաղաքացու հիմնարար սահմանադրական իրավունքների խախտում է: «Ես չգիտեմ այդ նամակի բովանդակությունը, պարզապես ուզում եմ Ձեզ հարց տալ, եթե Ձեզ հետ նման բան լիներ, ինչպե՞ս կվարվեիք»,-հարցրեց նա Հովիկ Աբրահամյանին:
Վերջինս էլ պատասխանեց, որ եթե նրա ասածը իրականությանը համապատասխանում է, ապա նա լիովին ճիշտ է, օրենքի խախտում կա, և Ազգային ժողովը պետք է պահանջի, որպեսզի համապատասխան պատիժ լինի:
Այնուհետև կրկին ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ ինքը պարզ հարց է տալիս, բայց հստակ պատասխան չի ստանում. «Ես ուզում եմ, որ հանրությունը ստանա այդ հարցի պատասխանը, իսկ Դուք ինձ անընդհատ հրավիրում եք ինչ որ քննարկումների»,-ասաց նա խորհրդարանի ղեկավարին՝ կրկնելով հարցը՝ ի՞նչ հիմքով են օտարերկրյա քաղաքացիները ՀՀ տարածքում հսկիչ անցագրային կետ սահմանել,-Կարող ա էն հայտնի պիեսի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունն այլևս ինքնիշխան պետություն չի, բայց մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի»:
«Պարոն Փաշինյան, նման միջադեպ չի եղել, որ որևէ օտարերկրյա մի կառույց որևէ սահմանային կետ սահմանի, Դուք հիմա խոսում եք մի բան, որ իրականությանը չի համապատասխանում: Կրկնում եմ՝ ռուսական զորքերի հրամանատարը ներկայացրել է գրություն, որ նման բան չի եղել: Դա եղել է մեր ոստիկանւթյան և այլ կառույցների հետ միասին: Դրա համար եմ ասում՝ ծանոթացեք նամակին»,-կրկնեց Հովիկ Աբրահամյանը:
Զարուհի Փոստանջյանին ու Նիկոլ Փաշինյանին վրդովեցրեց այն, որ ԱԺ նախագահը հավատում է ոչ թե իրենց, այլ ռուսական զորքերի հրամանատարին, ինչը մեկ այլ քննարկման առիթ դարձավ:
«Այո, ձեր հայտարարություններին ես չեմ հավատում, որովհետև կյանքը ցույց է տվել, որ Դուք կարող եք նաև զրպարտությամբ զբաղվել, դրա համար ես հավատում եմ պաշտոնատար անձի գրավոր գրած նամակին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին:
Նիկոլ Փաշինյանն էլ, օրենսդրությունը վկայակոչելով, հայտարարեց, որ պետք է իրականացվի ծառայողական քննություն, որպեսզի հայտնի դառնա, թե ում հայտարարությունն է արժանահավատ, ումը՝ ոչ:
Փաշինյանի հայտարարությունից ոգևորված՝ Փոստանջյանը հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին. «Ձեր վերադասը ФСБ-ն է՞, փաստորեն այդպես է ստացվում»:
ԱԺ նախագահն էլ իր հերթին Փոստանջյանին հարց ուղղեց. «Դուք Ձեր ասածին հավատում ե՞ք»:
Ի վերջո հանրապետական որոշ պատգամավորների նյարդերը տեղի տվեցին, և Մարգարիտ Եսայանը, ելույթի իրավունք ստանալով, մի անեկդոտ հիշեց. «Փեսան զոքանչին ուսերին դրած ման է գալիս, հարցնում են՝ էդքան շատ ե՞ս սիրում, ասում է՝ չէ, դրել եմ ուսերիս, որ չտեսնեմ: Հիմա էսօր դահլիճում որոշ պատգամավորներ կան, որ մենք ուսներիս դրած տանում ենք, որ չտեսնենք»,-ասաց նա՝ հորդորելով «որոշ գործընկերների» չափի զգացումը պահել:
Վարդան Այվազյանն էլ ընդդիմադիր գործընկերներին հորդորեց. «Առաջնորդվե՛ք կանոնակարգով: Հո մենք գերի՞ չենք: 35 րոպե նույն բանի մասին եք խոսում»:
