Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմը` Հայաստանի չեմպիոն

հանդբոլ - լավ gandbolՍտեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Մեդալները գտան տերերին: Չեմպիոն դարձավ Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի հավաքականը:
Այն վերջին օրը 20:9 (13:6) հաշվով վստահորեն առավելության հասավ Շենգավիթի թիմի նկատմամբ: Այսպիսով, մարզիչ Անահիտ  Հարությունյանի սաները մրցաշարում հինգերորդ անընդմեջ հաղթանակը տարան և չկրեցին ոչ մի պարտություն: Իսկ ահա, Աջափնյակի ընտրանին մրցաշարում հինգերորդ անընդմեջ պարտությունը կրեց` 7:27 (3:12) հաշվով զիջելով Վանաձորի ներկայացուցիչներին: Տանտիրուհիների` Արցախի հավաքականն էլ հաղթեց ԽՄՕՄՄ-ի թիմին` 23:9 (16:1) հաշվով:
Եթե ՀՄԴ-ի ներկայացուցիչները բացահայտորեն ուժեղ էին բոլոր մրցակիցներից և վաստակած 10 միավորով գրավեցին առաջին տեղը, ապա մյուս մրցանակակիրները որոշվեցին խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ:
Բանն այն է, որ երեք թիմեր 6-ակա միավոր էին հավաքել: Ի վերջո, 2-րդ մրցանակակիր դարձավ Վանաձորի ընտրանին: Արցախի հավաքականը 3-րդն է: Իսկ այս թիմերին հավասար միավորներ հավաքած Շենգավիթի հավաքականը ստիպված էր բավարվել 4-րդ տեղով: Ապա հաջորդեցին ԽՄՕՄՄ-ի (2) և Աջափնյակի (0) թիմերը:
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց արցախցի Մարիամ Բաբայանը: Լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը հանձնվեց Շենգավիթի հավաքականի անդամ Շուշանիկ Եսայանին: Ուշագրավ է, որ հեռանկարային այս մարզուհին ընդամենը 13 տարեկան է: Նա մրցակիցների դարպասը գրավեց 43 անգամ:
Առաջնության հանդիսավոր փակման արարողությանը ներկա էին և արժանավորներին պարգևատրեցին Ստեփանակերտի քաղաքապետ, Հանդբոլի Արցախի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը և Արցախի սպորտկոմիտեի նախագահ Ռազմիկ Հովակիմյանը:
Մրցաշարը բարձր մակարդակով էր: Նաև մասնակիցների համար էքսուրսիա էր կազմակերպել: Նրանք եղան Շուշիում, Վանք գյուղում, Արցախի տեսարժան այլ վայրերում:

Tags: ,