Ճապոնական “Կանէբո” կոսմետիկայից կանանց մաշկին սպիտակ հետքեր են հայտնվել

o_769977“Կանէբո” կոսմետիկական ընկերության արտադրած մաշկը սպիտակեցնող անորակ միջոցից տուժած Ճապոնուհիների թիվը անցել է  15 հազարը, այդ մասին այսօր հայտնել են ֆիրմայի ներկայացուցիչները:

Ընկերության տվյալների համաձայն,”Ռոդոնեդոլ” միջոցը  գործածած ավելի քան 5 հազար իրենց դիմած հաճախորդների մաշկի վրա առանձին հատվածներում  վառ  սպիտակ հետքեր են հայտնվել, մյուսների մոտ նույնպես այդ հետքերը երևացել են, բայց ավելի մեղմ ձևով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Այս ամռանը  “Կանէբոն”, որը վաճառում է իր արտադրանքը ամբողջ աշխարհում, հայտարարել է, որ հետ է կանչում իր “Ռոդոնեդոլ” արտադրանքի  ավելի քան  450 հազար  փաթեթ, որոնք գնել են մոտ  250 հազար մարդիկ:

Այդ որոշումն  ընդունվել է, երբ մաշկաբանները  պարզել են, որ կոսմետիկական միջոցը հավասարաչափ չի սպիտակեցնում մաշկը, այլ հայտնվում են սպիտակ հետքեր: Պատճառները դեռևս հայտնի չեն: Այժմ Ճապոնիայի մի քանի հիվանդանոցներ հետազոտում են տուժած կանանց:

Ըստ փաստաբանների միացյալ խմբի հետազոտության  տվյալների` դեռ երկու տարի առաջ  “Կանէբոն” ստացել է առաջին բողոքները, սակայն դեղագործական ընկերությունը մինչև այս տարվա հուլիս ամիսը ոչինչ չի ձեռնարկել:

“Կանէբոն” արդեն ներողություն է հայցել կատարվածի համար: Ընկերության տվյալներով, կոսմետիկայի հետկանչը նրա վրա կնստի  մոտ  5,6 մլրդ իեն (56 մլն դոլար): Միջոցը ամբողջ Ճապոնիայում վաճառվել է 15 հազար խանութերում:

Ճապնուհիներն  ավանդաբար ձգտում են ավելի սպիտակ մաշկ ունենալ, դա համարվում է նրբագեղության  նշան: Հնում  նրանք օգտագործել են կավիճ, իսկ հիմա`ավելի բարդ կոսմետիկ միջոցներ:

Tags: , ,