Ադրբեջանցիները Զանգեզուրը իրենց «պատմական հողն» են անվանել

rzaevԻնչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»,  «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության կառավարման անդամ, պատգամավոր Ռովշան Ռզաևը, անդրադառնալով «ադրբեջանական պատմական հողերի վերադարձի» վերաբերյալ Իլհամ Ալիևի՝ նախագահական երդման արարողության ժամանակ հնչեցրած  ելույթին, նշել է, որ եթե Հայաստանը կառուցողական դիրք չգրավի ԼՂ հակամարտության խնդրի խաղաղ կարգավորման հարցում, ապա Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել իր «պատմական հողերը»: Պատգամավորի խոսքերով՝ Ադրբեջանը բոլոր հնարավորություններն ունի այս հարցը մոտ ժամանակներս լուծելու համար:
«Զանգեզուրն ու Գյոքչայը պատմական ադրբեջանական հողեր են, և հակառակ կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանը ցանկացած պարագայում կապահովի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է պատգամավոր Ռզաևը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս տեղի ունեցած իր երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ իրենց պետությունը ԼՂ հակամարտության հարցում իր գործողությունները պետք է կառուցի հարձակման տակտիկայի վրա, քանի որ «արդարությունը Ադրբեջանի կողմն է և՛ իրավական, և՛ պատմական տեսանկյունից»:

Tags: ,