Թուրք հասարակությունը աստիճանաբար հրաժարվում է Եվրամիությունից

Թուրքիա,ԵվրամիությունԿրթության և գիտական հետազոտությունների գծով Թուրքիայի Եվրոպական հիմնադրամի («TAVAK») անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Թուրքիայում Եվրամիությանը անդամակցել ցանկացողների թիվը օրեցօր նվազում է: Ըստ վերջերս հրապարակված տվյալների՝ թեև 2012 թվականի համեմատությամբ ԵՄ-ի լիիրավ անդամը դառնալու հասարակական պահանջը մեկ տոկոսով աճել է, այնուհանդերձ այս գործընթացի կողմնակիցների թիվը նվազել է:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ եռամյա հետազոտության վերլուծությունը ցույց է տվել, որ Եվրամիության անդամը դառնալու ցանկության նվազման գլխավոր պատճառը երկրում ինքնավստահության աճն ու տնտեսական վերելքն է: Նման նահանջի մեկ այլ պատճառ էլ հանդիսանում է ԵՄ-ի վերաբերմունքի փոփոխությունը Թուրքիայի նկատմամբ: Մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոշտ դիրք է զբաղեցրել Թուրքիայի հանդեպ: Անդամագրության գործընթացի վրա ազդած բացասական գործոններից են նաև իսլամաֆոբիան, ռասիզմը և թուրքաֆոբիան:
Փորձագետները հավաստիացնում են, որ եթե Թուրքիայի ընթացքը դեպի Եվրամիություն նման կերպ շարունակվի, ապա Եվրոպական մեծ ընտանիքին անդամակցելու Թուրքիայի բնակչության ցանկությունը աստիճանաբար էլ ավելի կնվազի:

 

 

 

Tags: ,