Արդեն հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավարը խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն է, իսկ նոր քարտուղարը` Թևան Պողոսյանը: Այս մասին լրագրողերին նախ հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը նույնպես հրավիրվել էր Ազգային ժողով՝ մասնակցելու խմբակցության նոր ղեկավարի որոշման նիստին:
«Կուսակցության վարչությունում որևէ նման հարց չի քննարկվել, դա քաղաքական չէ, ներկուսակցական չէ, զուտ անձնական որոշում է, և մենք պետք է հարգենք նրա որոշումը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև նշեց, որ այդ որոշումը Ռուբեն Հակոբյանը վաղուց է կայացրել: Մեր ճշտող հարցին՝ արդյոք որոշումը կայացվել է մինչև Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան սկանդալային հարցը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այո:
Քիչ անց լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ նաև Զարուհի Փոստանջյանը, որը կրկնեց վերը նշվածը, թե դա եղել է Ռուբեն Հակոբյանի անձնական որոշումը:
Անձամբ Զարուհի Փոստանջյանն այսօր է տեղեկացել Ռուբեն Հակոբյանի այդ որոշման մասին:
Ի վերջո մի անի խոսք ասաց Ռուբեն Հակոբյանը: Նա էլ կրկնեց նույնը, որ նման որոշման պատճառը անձնական է և դրանից ավելին մեկնաբանել չի ցանկանում:
«No comment»-ը նույնպես պատասխան է,-ասաց Ռուբեն Հակոբյանը,-ես այդպես եմ ցանկացել և վերջ: Համենայնդեպս ես այն տեսակը չեմ, որ ինձ կարողանան խանգարել կամ պարտադրեն ինչ որ բան»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր էլ հրաժարվեք մանդատից, նա պատասխանեց, որ այդ մասին ընդհանրապես չի մտածել:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հնարավոր տարաձայնություններին, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ տարաձայնություններ իրենց մեջ չկան. «Կան որոշակի դետալներ, որոնք բնական են՝ տակտիկական հարցեր, որոնք բոլոր տեղերում էլ կան, բայց դրանք տարակարծություներ չեն»:
Նա նաև հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հրաժարականի մասին երկար զրուցել է, և վերջինս չի ցանկացել, որ ինքը նման քայլ կատարի, սակայն ի վերջո ասել է.”Որոշումը Ձերն է”:
Tags: Ազգային ժողով, Զարուհի Փոստանջայան, ժառանգություն, Ռուբեն Հակոբյան
