Էդմոն Մարուքյանը կոչ արեց կառավարությանը խորհրդարան չուղարկել տրամաբանությունից զուրկ նախագծերը

558315_10151871487057410_701397500_nԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ կառավարության ներկայացրած «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին` դրանք համարելով տրամաբանությունից զուրկ նախագծեր:

Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու կարգ, որի վարման և համակարգման աշխատանքներն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը: Գրանցամատյանում գրանցվելու համար փաստաբանները պարտավոր են վճարել տարեկան 60 000 դրամ տուրք:

«Նախագիծն անգամ ամենաթույլ քննադատությանը չի դիմանում: Ինչ վերաբերում է տուրք գանձելուն, ապա դա ոչ միայն անընդունելի է, այլև արվում է այն դեպքում, երբ փաստաբանը մեր երկրում չունի հարկային որևէ արտոնություն և վճարում է բոլոր այն հարկատեսակները, որը վճարում է  ցանկացած ձեռնարկատեր»,-ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանին հայտնի չէ մի որևէ զարգացած երկրի փորձ, որը նման արհեստական և անտրամաբանական ձևով փաստաբաններից գումարներ գանձվի: «Բյուջեն լցնելու համար տեղեր շատ կան, բայց դրանք փաստաբանական գործունեությունից շատ հեռու են»,-կարծում է նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ այսօր փաստաբանների հաշվառումն անվճար և պատշաճ կարգով իրականացնում է փաստաբանների պալատը, և բոլոր անհրաժեշտ տեղեկությունները տեղադրված են պալատի պաշտոնական կայքում. «Անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը փորձում այդ գործառույթն իրեն վերապահել և դրա համար գանձել գումար կամ ինչու հենց 60 000 դրամ»:

Հիմնավորումը, թե այդ գումարն ուղղվելու է հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, պատգամավորը նույնպես տրամաբանությունից զուրկ փաստարկ է համարում, քանի որ փաստաբանը պարտավոր չէ վճարել պետության ուղղակի պարտականությունը հանդիսացող գործառույթի համար, որն ամրագրված է սահմանադրությամբ:

Էդմոն Մարուքյանը կոչ արեց կառավարությանը օրենքների նախագծերի փաթեթը հանել շրջանառությունից և չուղարկել Ազգային ժողով:

Tags: ,