«Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից սկսած՝ մինչ այսօր բոլոր իշխանավորներն ու ընդդիմադիրները միշտ, առնվազն հրապարակավ, համակարծիք են եղել մեկ հարցում. մեր երկրին հարկավոր է իսկապես արդար ու գործուն դատական համակարգ: Այս մասին տարիներ շարունակ խոսել են բոլորը, տարիներ շարունակ բոլոր քաղաքական ու տնտեսական ծրագրերը կազմվել են հենց այս առաջնահերթության վրա: Տնտեսական առաջընթացը, հասարակական բնականոն զարգացումը, պետության ամրությունը, վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ ու շատ-շատ այլ երևույթներ հենց դատարանների հանդեպ վստահությամբ են պայմանավորվել»,-այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին ասաց Ժառանգություն խմբակցության նորանշանակ քարտուղար Թևան Պողոսյանը:
Այնուհետև նա հարց բարձրացրեց՝ հետո՞ ինչ, որ համաձայն ենք, հետո՞ ինչ, որ կարևորում ենք առաջնահերթությունը: «Ազգային ժողովի 131 պատգամավորից քա՞նիսն են համարում, որ մենք ունենք նորմալ դատական համակարգ: Միգուցե ոմանք ասեն, որ մեզնից շատ ավելի երկար անկախության պատմություն ունեցող երկրներում էլ իրերի դրությունը բարվոք չէ: Չեմ վիճում: Այդ դեպքում հարցս վերաշարադրեմ, տեսանելի՞ է արդյոք որևէ առաջընթաց այս ոլորտում, եթե այո, ապա քանի՞ հոգու է բավարարում այդ առաջընթացի տեմպը»:
Նրա կարծիքով` եթե այս հարցերը տրվեն հանրությանը, ապա շատ տխուր պատկեր կլինի:
Նա վստահ է, որ եթե անգամ արվել են ինչ-ինչ քայլեր, ապա ծախսված գումարը գրոշի արժեք անգամ չունի, եթե չի հանգեցրել արդարադատության իրականացման հարցում հանրային վստահության ավելացմանը: «Դատարանների հանդեպ հանրային վստահության մակարդակը շրիշակից կամ օտարալեզու տերմինով ասած՝պլինտուսից ցածր է, հետևաբար յուրաքանչյուր ոք առանց դժվարության ինքնուրույն կարող է գնահատել դատական համակարգի կայացման հարցում արվող քայլերի արդյունավետությունը: Կարծում եմ՝ դժվար չի լինի»,-ամփոփեց նա:
Tags: Ազգային ժողով