«Մեր սիրելի Երևան, աշխարհում ապրող հայերի մայրաքաղաք և միաժամանակ մեր պատմական հայրենիքի ներկայիս հայաբնակ ամենամեծ բնակավայր»,-այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր հայտարարությունը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Այնուհետև, դիմելով Երևանին, նա թվարկեց, որ վերջինս ակնատես է եղել ոչ միայն իրեն զավթած կայսրությունների, ցեղասպանությունից հետո վերածնված փոքր Հայաստանի, Արցախյան հաղթանակի, այլև 2013 թվականի ապրիլի 9-ին` Նոր Հայաստանի` «ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ երդմանը և պատգամը ստանձնած հավատին և ուժին, կամքին և սիրուն»:
«Մեր ապագայի Երևան,-շարունակեց Փոստանջյանը,- լինելով շուրջ 10 միլիոն հայերի մայրաքաղաք, 2013 թվականի փետրվարի 18-ին փաստեցիր Մեծ հայկական հեղափոխության մասին և իրականացրեցիր Բարևի հեղափոխական արշավ` ասելով՝ Բարև Երևան, Բարև հեղափոխություն, Բարև հեղափոխական հայ ժողովուրդ: Մեր այսօրվա Երևան, միլիոնավոր արտագաղթած հայերի ծննդավայր, հազարավոր ունեզրկված քաղաքացիների բնակավայր, Մեծն Թամանյանի նախագծած դիմագծի այլափոխման վտանգը զգացող անհանգիստ քաղաքացիների քաղաք: Մեր մտահոգության և սպառնալիքների Երևան, քանի անգամ ես մասնակցել ընտրությունների, քանի անգամ ես քվեարկել խղճիդ համաձայն և ընտրել արդարությունը և քանի անգամ են գողացել ընտրությունդ…Մեր անհնազանդության և վճռականության Երևան, անկախ բոլոր հանգամանքներից, չես բացակայելու, չես հիասթափվելու, չես ընկրկելու, չես նահանջելու: 2013 թվականի մայիսի 5-ին մասնակցելու ես, ազատագրելու ես, նվաճելու ես և ունենալու ես հաղթանակ»:
Tags: Ազգային ժողով

