«Վիլնյուսում ինչ-որ թուղթ կստարագրվի, թեկուզև այնտեղ գրված լինի` շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»

Naira-ZohrabyanԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի` Առավոտ օրաթերթին տված հարցազրույցին, որտեղ վերջինս մի քանի ուշագրավ հայտարարություն է արել. «Ուշագրավ հայտարարություն 1` Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոնը` դիսկրիմինացիոն պայմաններով, եթե Հայաստանը ստորագրեր Հայաստան-Եվրամիություն ասոցացման պայմանագիրը: Դիտարկում 2` այն, ինչ առաջարկվում էր Հայաստանին ԵՄ-ի կողմից Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, Եվրոպական միության հրահանգները կուրորեն կատարելն էր, ուստի եթե ինտեգրացիոն այս կամ  այն տարբերակները համեմատենք սուվերենության աստիճանի պահպանումը, ապա Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի դեպքում լինելու էր բացարձակ Բրյուսելի դիկտատուրան: Եվ վերջին ուշագրավ դիտարկումը` եթե Հայաստանի վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում էր հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առևտրատնտեսական հարաբերություններին, նա կվերանայեր իր դիրքորոշումը»:

Նաիրա Զոհրաբյանը երկար է սպասել, որ արտգործնախարարության պաշտոնյաները պատասխանեին այս մեղադրանքներին,  սակայն մինչ օրս որևէ պատասխան չի տրվել: «Սեպտեմբերի 3-ից հետո , երբ մեր որոշ գործընկերներ վերագտան իրենց ռուսամետությունը, սկսեցին հնչել նույնաբովանդակ հայտարարություններ առ այն, որ Ասոցացման պայմանագրում մեր  սուվերենության կորստի վերաբերյալ դրույթներ կային, վտանգավոր  դրույթներ կային ԼՂՀ-ի հետ կապված և այլն: Ես չեմ կարող  ասել՝ նրանք և պարոն Գլազևը ճիշտ են, թե սխալ, որովհետև տեղյակ չեմ Ասոցացման պայմանագրին, բայց  մեկ հարց ունեմ` որպես ՀՀ քաղաքացի. եթե այդպես է, ապա չորս տարի շարունակ ինչու էին ՀՀ իշխանությունները Խորը և համապարփակ բանակցություններ վարում մի կառույցի հետ, որին ինտեգրվելով`  մենք կորցնելու էինք մեր սուվերենությունը»:

Պատգամավորի մոտ մեկ այլ հարց էլ է ծագել.եթե Ռուսաստանը մեզ չհրավիրեր Մաքսային միություն, և Բրյուսելում ստորագրվեր  Ասոցացման համաձայնագիրը, դա նշանակում է, որ մենք ստորագրելու էինք  մեր պետական արտաքին շահերին դեմ փատաթո՞ւղթ:

Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ այդուհանդերձ Վիլնյուսում ինչ-որ թուղթ, բայց ոչ փաստաթուղթ, կստարագրվի` արդարացնելու և-և-ի քաղաքականությունը, թեկուզև այդ թղթում գրված լինի` շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ԲՀԿ-ական պատգամավորին տեղից հանգստացրեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` ասելով, որ իշխանությունները երբևէ չեն ստորագրի մի փաստաթուղթ, որը դեմ է Հայաստանի շահերին:

Tags: , ,