«Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունների հեղինակները ծնվել, սնվել են օրվա քաղաքական մենաշնորհի կողմից` մեկ հիմնական նպատակով». Ռ. Հակոբյան

briefings.-Ruben-Hakobyan0-e1347627553316Այսօր խորհրդարանում Հայաստանի պատգամավորների հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ պետության զարգացման գլխավոր խաչընդոտը հանրապետությունում ձևավորված իշխանության բացարձակ մենաշնորհն է, որի պայմաններում   Երևան քաղաքի ավագանու ընտրությունները ձեռք են բերում բացառիկ քաղաքական նշանակություն:

«Ու՞մ համար է գաղտնիք, որ ԺԵԿ-ի պետ, նախարար, նախագահ և այս ուղղահայաց տիրույթում գտնվող թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ մշակութային, ինչպես նաև քրեական գրեթե բոլոր գործառույթները նպատակաուղղված են օրվա իշխանության մենաշնորհը վերարտադրելուն` ընդդեմ պետության բնականոն զարգացման և ընդդեմ քաղաքական մենաշնորհի տիրույթից դուրս գտնվող մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության: Իրականությունն այն է, որ, կարծես թե, պետության կենսագործունեության գլխավոր նպատակն է ապահովել նշված քաղաքական մենաշնորհի տիրույթում գտնվող խմբերի և անհատների, նրանց հարազատների ու մտերիմների բարեկեցիկ և անհոգ կյանքը»:

Այնուհետև նա կարծիք հայտնեց, որ հանցագործներն ու հանցագործություններն էլ են մենաշնորհվել օրվա իշխանության կողմից` նշելով, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ  վերջերս Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունների հեղինակները ծնվել, սնվել են օրվա քաղաքական մենաշնորհի կողմից մեկ հիմնական և գլխավոր նպատակով` նրանց  միջոցով վերարտադրելու և ապահովելու իրենց մենիշխանությունը:

Ռուբեն Հակոբյանը հավաստիացրեց, որ կարող է շարունակել մենիշխանության բերած դժբախտությունների ցանկը, բայց ընդամենը ուզում է մեկ բարեկամական խորհուրդ տալ այսօրվա քաղաքական մենաշնորհների տերերին ու սպասավորներին. «Անգլիական իմաստնությունը ասում է, որ խելոքները սովորում են ուրիշների սխալներից, իսկ հիմարները` սեփական: Մեր դեպքում այսօրվա մենաշնորհների տերերը, կարծում եմ՝ պետք է սովորեն այս քաղաքական մենաշնորհները ձևավորողների սխալներից, ովքեր օրինաչափորեն այսօր հայտնվել են իրենց իսկ կողմից ձևավորած համակարգի դաժան թրթուրների տակ, որից, չեմ կարծում, որ նրանք մեծագույն հաճույք են ստանում»,-ասաց նա

Ըստ նրա, այսօր, հանգամանքների բերումով, ստեղծվել է մի իրավիճակ, որ ոչ իշխանական ուժերը քաղաքական կամքի և ազնիվ, շիտակ համագործակցության դեպքում կարող են միասնաբար կանգնեցնել ձևավորված քաղաքական մենաշնորհի ընթացքը: «Խոսքը չի վերաբերում անձերին ու անհատներին, խոսքը վերաբերում է իշխանության քաղաքական մենաշնորհի ընթացքի կասեցմանը: Եվ դա հնարավոր է այն դեպքում, որ ոչ իշխանական ուժերը համատեղեն իրենց հնարավորությունները և միասնական ճակատով ու համապատասխան մեխանիզմներով պայքարեն՝ Երևան քաղաքում իշխանափոխություն իրականացնելու համար»:

«Բարև Երևան» դաշինքի անունից նա հավաստիացրեց, որ պատրաստ են լինել այդ ուժերից մեկը՝ ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ Երևանի ավագանին ձևավորելուց հետո:

 

Tags: