Դեսպան Սահակյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին

արա սահակյան          Հոկտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Ղազախստանում հավատարմագրված մի շարք երկրների նորանշանակ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նախագահ Նազարբաեւը մասնավորապես նշեց, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար կապերի խորացման եւ ընդլայնման մեջ: ՂՀ նախագահն ընդգծԵց, որ Հայաստանի հետաքրքրությունը Մաքսային միության շրջանակներում ինտեգրման նկատմամբ կդառնա լրացուցիչ խթան երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Արարողության ավարտին հանդես գալով ղազախստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ` դեսպան Սահակյանը վերահաստատեց Հայաստան այցելելու ՂՀ նախագահին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: ՀՀ դեսպանը կարեւորեց իր առաքելության ընթացքում հայ-ղազախական քաղաքական եւ տնտեսական կապերի աշխուժացումը: Արա Սահակյանը նկատեց, որ հոկտեմբերի 24-25-ին Հայաստանում հրավիրված Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում նախանշված որոշումների ընդունումը նոր խթան կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը: Դեսպանը նկատեց, որ Ղազախստանի հետ Հայաստանը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ, ՀԱՊԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

 

 

Tags: ,