«Եթե միայն տեղական նշանակության են այս ընտրությունները, ինչո՞ւ եք այսպես իրար խառնվել». Արմեն Ռուստամյանը` ՀՀԿ-ին

arm136575463732ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանին այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց. «Իշխանություններն ամեն  ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր»:

Ռուստամյանը գտնում է, որ դրա նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, «որ այս ընտրությունների հետ  չկապվի ձեր դժգոհությունն ու բողոքը և տպավորություն ստեղծվի, թե այս ընտրությունները շատ-շատ կարող են լուծել ձեր աղբահանության, ասֆալտապատման կամ վերելակների ու շենքների հարցերը»:

Արդյունքում, ըստ նրա, կզրոյացվի հետաքրքրությունն այս ընտրությունների նկատմամբ, և ժողովուրդը կմղվի պասիվության,  որպեսզի  չվտանգվի իրենց իշխանությունը, և պահպանվի իշխող կուսակցության միահեծան կառավարումը:

Նրա խոսքով` իշխանությունները կրկին գործի են դնում ընտրակեղծիքների ողջ զինանոցը, և պետական համակարգը ընտրությունների ընթացքում սահուն կերպով վերածվում է իշխանություններին սպասարկող ընտրական համակարգի:

«Եթե, ձեր ասելով, միայն տեղական նշանակության են այս ընտրությունները, ինչո՞ւ եք այսպես իրար խառնվել ու կրկին կառչում եք ձեր փրկօղակից՝ ձեր հարազատ ընտրակեղծիքների մեքենայից: Ուրեմն իրականությունը բոլորվին այլ է»,-ասաց Ռուստամյանը:

Այնուհետև նա հավաստիացրեց, որ հօգուտ Դաշնակցությանը տված իր քվեով երևանցին կարող է չսպասել ևս 5 տարի, այլ փոխելով քաղաքապետին` անել այն, ինչը չհաջողվեց անել՝ չկարողանալով փոխել նախագահին:

Նա համոզված է, որ երևանցին այսօր  կարող է փոխել Հայաստանը, որովհետև հաստատելով երևանցու իշխանությունը Երևանում` կհաստատվի հայաստանցու իշխանությունը Հայաստանում և վերջ կդրվի երկրում հաստատված մենիշխանությանը, կյանքի կկոչվի արմատական համակարգային փոփոխություններին բերող` ՀՅԴ առաջարկած գործողությունների հստակ ծրագիրը, ակնհայտ կդառնան իշխանություն-ընդդիմություն հավասարակշռված քաղաքական համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը:

Այնուհետև, դիմելով երևանցիներին, ՀՅԴ պատգամավորն ասաց. «Սիրելի’ երևանցիներ, թույլ մի’ տվեք ձեզ մոլորության մեջ գցեն և, արժեզրկելով ձեր ընտրության նշանակությունը, մղեն ձեզ պասիվության: Ովքեր ուզում են փոփոխությունները հիմա տեսնել և չսպասել ևս 5 տարի, մայիսի 5-ը դրա ամենալավ առիթն է»,-ասաց նա

Tags: