Այսօր` հոկտեմբերի 23-ին, Լոնդոնի Սենթ-Ջեյմսյան պալատի ժամատանը տեղի կունենա արքայազն Ջորջի` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթի ծոռան մկտության հանդիսությունը: Ծեսը կատարելու է Անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին:
Հրավիրյալների ցուցակը դեռևս չի հայտարարվել: Ծեսը կկատարվի Թագավորական ժամատանը, ուր 1840-ին ամուսնացել են Վիկտորյա թագուհին ու արքայազն Ալբերտը, իսկ 1649-ին մահապատժից առաջ հաղորդություն է ստացել Անգլիայի թագավոր Կառլ I Ստյուարտը:
Լուսանկարներ անելու պարտականությունը վստահվել է հոլիվուդյան լուսանկարիչ Ջեյսոն Բելլին.նա հայտնի է Փոլ Մակկարտնիի, Դևիդ բեքհեմի, Դենիել Քրեյգի, Ջոնի Դեպի և Նիկոլ Քիդմանի մասին ֆոտոնյութերով: Եղիսաբեթ II-ի հպատակներն անհամբերությամբ են սպասում թագուհու` 3 արքայազների հետ լուսանկարի հրապարակմանը.այդպիսի բան չի եղել 100 տարի: Այս օրվա կապակցությամբ ոսկյա ու արծաթե դրամների հատուկ սերիա է հատվել 5 ֆունտ արժողությամբ, որոնց վրա պատկերված են քնարով հրեշտակները շուշանի բողբոջներից հյուսված պսակով շրջանակված: Յուրաքանչյուր դրամի վրա բրիտանական միապետության կարգախոսն է դրոշմված Dieu et mon droit (“Աստված և իմ իրավունքը”): Բացի այդ, սահմանափակ քանակությամբ հատվել է նմանատիպ դրամ, սակայն մեկ կգ քաշով` յուրաքանչյուրը 1000 ֆունտ ստեռլինգ անվանական գնով:
1765-ից մկրտության ծեսերի համար օգտագործվում է ոսկյա ջրավազան` ջրաշուշաններով, որը պահվում է Թաուեր դղյակում: Արծաթյա սափորը, որից սուրբ ջուրն են լցնելու, պատրաստվել է XVIII դարի առաջին կեսին:
