Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանու ներքո, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրավերով, ապրիլի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հայ ազգային եւ հոգեւոր երգերի անվանի կատարող սոպրանո Աննա Մայիլյանի եւ Էթնո-վոկալ եռյակի համերգը:
Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին հայ դասական, հոգեւոր եւ ժամանակակից երգարվեստի նմուշներ, ինչպես նաեւ նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նույն օրը երեկոյան, ի պատիվ Աննա Մայիլյանի եւ Էթնո-վոկալ եռյակի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն: Հյուրերին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծեց մշակութային դիվանագիտության նշանակությունը՝ կարեւորելով հայ արվեստի գործիչների եւ հայկական կառույցների դերակատարությունն ինչպես հայկական համայնքներում, այնպես էլ օտար լսարաններում հայկական մշակույթի եւ հայ արվեստի ներկայացման գործում:
Ապրիլի 26-28-ը Վիեննայում և Գրացում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Ապրիլի 26-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանության Մխիթար սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Մխիթարյան միաբանությունից Հայր Պողոս Կոճանյանը եւ Հարություն Տանիլը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող ներկաների հարցերին պատասխանեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:
Ապրիլի 27-ին Վիեննայում տեղակայված ուղղափառ ասորական համայնքի Մշակութային միության դահլիճում առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հպատակների՝ հայերի, հույների և ասորիների կոտորածների մասին ելույթով հանդես եկավ Բեռլինի Ազատ համալսարանի Ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման աշխատանքային խմբի ղեկավար դոկտոր Թեսսա Հոֆմանը: Վերջինս ներկայացրեց քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության հանգամանքները, անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2005 թ. հունիսի 16-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին, որի շրջանակներում անդրադարձ կա նաև ասորիների և Պոնտոսի հույների կոտորածներին: Հոֆմանը ներկայացրեց նաև Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Բեռլինում նախագծվող Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ գնացած հայերին, հույներին և ասորա-արամեացի-քաղդեացիներին նվիրված հուշահամալիրի կառուցման ծրագիրը, որի համար արդեն իսկ որոշակի գումար է հատկացվել Բեռլինի քաղաքային և Բրանդենբուրգի երկրամասային իշխանությունների կողմից: Միջոցառմանը ներկա էր ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:
Ապրիլի 27-ի երեկոյան Ավստրիայի հանրային ORF 3 հեռուստաալիքը ցուցադրեց գերմանացի վավերագրող Էրիխ Ֆրիդլերի 2010 թվականին նկարահանած Հայոց ցեղասպանությանը նվիրված ԱՂԵՏ-ցեղասպանություն փաստավավերագրական ֆիլմը:
Ապրիլի 28-ին Գրաց քաղաքի հայ եկեղեցական համայնքը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստյան պաշտոն մատուցեց Գրացի Կալվարիենբերգ եկեղեցում, որին հաջորդեց մոմերով երթը դեպի Դոմինիկյան եկեղեցու սրահ, ուր տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառմանը ներկա Գրացի հասարակայնության ներկայացուցիչների առջև ցուցադրվեց Էրիխ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանությանը նվիրված «ԱՂԵՏ-ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը, որին հաջորդեց համերգային մասը՝ Գրացում հիմնադրված Բխիյան լարային քառյակի կատարմամբ:
Ապրիլի 29-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-համերգ, որին ներկա էին Լիբանանի մշակույթի եւ արդյունաբերության նախարարներ Գաբի Լեյունը եւ Վրեժ Սապունջյանը, արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Նաումը, պետնախարար Փանոս Մանճյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ Աբդել Լատիֆ էլ-Զեյնը եւ Ղասան Մխայբերը, Արթուր Նազարյանը, Ժան Օղասափյանը, Սերժ Դուրսագսյանը, Շանթ Չինչինյանը, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հայկական քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, հոգեւոր հայրեր:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա իր խոսքում նշեց, որ 98 տարի հետո էլ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետեւանքները չեն վերացվել: Դեսպան Քոչարյանն ընդգծեց, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակություն է եւ պետք է խստիվ դատապարտվի մարդկության կողմից: Նա շնորհակալություն հայտնեց աշխարհի բոլոր երկրներին եւ կազմակերպություններին, մասնավորապես՝ Լիբանանին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանոթյունը: Դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի արդյունավետ գործունեությունը եւ սերտ համագործակցությունը ՀՀ դեսպանության հետ: Դեսպանը շեշտեց, որ հայերը, որպես հավաքական ազգ եւ իբրեւ պետություն, շարունակելու են իրենց պայյքարն աշխարհի տարբեր անկյուններում ցեղասպանության բոլոր դրսեւորումները բացառելու ուղղությամբ:
Հուշ-համերգին Արմինե Աբաջյան Բասմաջյանի, Թամար Հովյհաննիսյանի, Ժաննա Սահակյանի, Տաթեւիկ Արտինյանի, «Համազգայինի» երգչախմբերի ղեկավար եւ դուդուկահար Զաքար Քեշիշյանի, ջութակահարներ Արմեն եւ Աշոտ Ջենդերեջյանների, երգիչ Գեւորգ Բեբեջյանի կատարմամբ հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Հենդելի, Բախի, Վիվալդիի, Վաժա Ազարաշվիլիի եւ Կոմիտասի ստեղծագործությունները:
Երեկոյի ավարտին հյուրերն իրենց գրառումները թողեցին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյանում:
Tags: ԱԳՆ, Հայոց ցեղասպանություն