Քիչ առաջ Ժառանգություն խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի նիստերի դահլիճում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հանդես եկավ հայտարարությամբ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նրա կուսակից ընկերներին նախազգուշական նոտա հղելով:
Նա տեղեկացրեց, որ կես ժամ առաջ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որն ուղղված է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում այլ կարծիք հնչեցնելուն դեմ. «Պարոն Աբրահամյանը ավտորիտար որոշում է կայացրել, և Ժառանգություն խմբակցությանը հանել ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմից»,-հայտարարեց Փոստանջյանը, իսկ հանրապետականներն այս նախադասության վրա սկսեցին ծափահարել:
Փոստանջյանը շարունակեց. «Այդ ավտորիտար որոշման վերաբերյալ իհարկե կլինեն համապատասխան բողոքարկման գործընթացներ: Պարոն Աբրահամյան, Ձեզ սպասվում են շատ դժվարին օրեր, այդ թվում նաև ձեր կուսակիցներին: Բացի այն, որ դժվարին օրեր են սպասովւմ, այդ գործողությունները Ձեզ չեն ներվելու»,-ամփոփեց Փոստանջյանը:
Tags: Ազգային ժողով, Զարուհի Փոստանջյան, Հովիկ Աբրահամյան