Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցրեց օֆշորային սկանդալը`չնայած որ «հարգարժան վարչապետը շատ է հոգնում կրկնվող մեղադրանքներից»:
Զուրաբյանը հետաքրքրվեց, թե օֆշորային սկանդալի հետ կապված պատմությունից մաքրվելու վարչապետի ջանքերը ուր են հասել, և այդ գործընթացի վերաբերյալ նա ինչ նոր բան ունի ասելու խորհրդարանին:
Վարչապետը պատասխանեց, որ ամենաշահագրգիռ անձը, որպեսզի այս խնդիրը բացահայտնվի, ինքն է: «Ես հայտարարել եմ, որ որևիցե մեկին չեմ լիազորել օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել իմ անունից, երբևէ այդ ժամանակահատվածում Կիպրոսում չեմ եղել և չէի կարող ինքս գրանցել: Իսկ այն, որ Կիպրոսում կարելի է գրանցել ցանկացած ձեռնարկություն, դա հստակ է»:
Նա համոզված է, որ այդ ամենի նպատակը մեկն է` վարկաբեկել գործող վարչապետին, իսկ քաղաքական գործիչներին վարկաբեկելու ձևերն ու գործիքները բազմազան են:
Լևոն Զուրաբյանն էլ նկատեց, որ արդեն 6 ամիս է անցել, և վարչապետի պնդմամբ` այդ ապացուցվող խնդիրը դեռ ապացուցված չէ: «Մեր նպատակը մեր պետության վրայից այդ կեղտը մաքրելն է»,-ասաց Զուրաբյանը:
«Շնորհակալ եմ, որ դուք մտածում եք մեր երկրի հեղինակության մասին, և օֆշորային սկանդալը այդ տեսանկյունից եք դիտարկում»,-արձագանքեց վարչապետը:
Tags: Ազգային ժողով, վարչապետ