Գյումրիում լայնամասշտաբ ապամոնտաժում է

պատշգամբԱյսօրվանից Գյումրիում մեկնարկեց վթարային վիճակում գտնվող պատշգամբների ապամոնտաժման գործընթացը: Հին շենքերի արդեն հսկայական վտանգ ներկայացնող պատշգամբները հասցրել են մարդու կյանք խլել: Խնդիրը լինելով բավական ֆինանսատար, տարիներ շարունակ լուծում չի ստացել` ոչ բնակիչների, ոչ էլ տեղական իշխանությունների կողմից:

Գյումրու քաղաքապետարանի հրապարակած տվյալներով քաղաքում այս պահին 80-ից ավել պատշգամբներ կան, որոնք խիստ վտանգ են ներկայացնում: Ու նմանատիպ պատշգամբները հաճախ հանդիպում են ամենաբանուկ հատվածներում. դրանց անակնկալ փլուզումներից բազմաթիվ մարդիկ են վնասվածքներ ստացել: Վերջին դեպքը գրանցվեց այս մարտ ամսին, երբ փլուզվել էր Ղանդիլյան 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը: Հետևանքում, նույն բնակարանի բնակչուհին վայր էր ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Դրանից հետո պատշգամբի փլուզում էլի է գրանցվում, սակայն այս մեկը, բարեբախտաբար, անփորձանք է անցնում:

Պատշգամբների փլուզման վտանգն ավելի է մեծանում հատկապես տարվա այս ժամանակաշրջանում. անձրևներն ու հետագայում նաև ձյունն ավելի են խարխլելու արդեն քայքայված այս շինհատվածները:

“Չնայած դա բնակչի սեփանակությունն է, բայց պետք է այդպիսի վտանգավոր պատշգամբները վերացնենք: Մենք տրամադրում ենք տեխնիկա, օգնում ենք մեկս մյուսին` քաղաքապետարանն ու համատիրությունները”, – ասում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Պատշգամբների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս, իսկ արդեն գարնանը, ըստ քաղաքապետարանի հավաստիացումների, կսկսվեն նոր պատշգամբների կառուցման աշխատանքները:

Tags: ,