Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը հրապարակել է իր վարկածով աշխարհի ամենաազդեցիկ 500 մարդկանց ցուցակը: Այնտեղ ներկայացված են Թուրքիայի 9 ներկայացուցիչ, այդ թվում նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ ամերիկյան ամսագիրը Թուրքիայի ամենաազդեցիկ մարդկանց շարքին է դասել նաև ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, պաշտպանության և ֆինանսների նախարարներին, Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին և պատրիարք Վալֆորմեյին: Ամերիկան ներկայացնող անձանց շարքում ևս թուրք կա: Նա «Coca-Cola» ընկերության տնօրեն Մուհթար Քենթն է:
Կրկին խոշոր պայթյուն Դամասկոսում, զոհվել է 16 մարդ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Մարջա հրապարակում գտնվող Ներքին գործերի նախարարության շենքի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Սիրիական պաշտոնական «SANA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել: Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ ահաբեկչությունը իրականացվել է նախարարության մոտ կայանված ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկի միջոցով:
Հիշեցնենք, որ երեկ Դամասկոսում կրկին պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ էր զոհվել: Հաղորդվում է, որ կազմակերպիչների թիրախը եղել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալքին, սակայն վերջինս չի տուժել: Միևնույն ժամանակ Լազկիե քաղաքի մերձակայքում կառավարական զորքերի և Սիրիայի ազատության բանակի միջև խիստ բախումներ են տեղի ունեցել, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:
