Սամվել Ֆարմանյանը գործընկերներին հորդորում է երկնքից ներքև իջնել

սամվել-ֆարմանյանՊատգամավորները շարունակում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և դրան կից օրինագծերի փաթեթի քննարկումը:

Քննարկման ժամանակ հետաքրքիր ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա նշեց, որ օրինագիծը պարունակում է մի շարք հակասություններ:

Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչ տրամաբանություն է ընկած նախագծի հիմքում: Եթե ընկած է քաղաքական տրամաբանություն, պետք է հասկանալ, թե ի վերջո ինչ խնդիր է լուծում այս օրինագծով: «Ցավոք, այդ հարցին պատասխան չհնչեց»,-ասաց Ֆարմանյանը:

Ըստ պատգամավորի՝ կա երեք տարբերակ. կա՛մ կառավարությունը դրանով փորձում է լուծել սոցիալական խնդիր, որովհետև պետական պաշտոնյաները աղքատ են, չեն կարողանում լուծել իրենց ընտանիքի խնդիրները, կա՛մ սրանով լուծվում է պետական կառավարման արդյունավետության խնդիր, ըստ որի անարդյունավետ աշխատանքը ցածր աշխատավարձի խնդիր է, և պետք է բարձր վճարվեն, որ անարդյունավետ աշխատեն: Երրորդ տարբերակն էլ այն է, որ պետական ոլորտը մասնավորի համեմատ լինի գրավիչ, որպեսզի մասնավոր հատվածում աշխատտող որակյալ մասնագետները գան պետական համակարգ:

Սակայն Ֆարմանյանը պետական աշխատողների անարդյունավետ աշխատանքի պատճառը բնավ էլ ցածր աշխատավարձը չի համարում, նա գտնում է, որ դրանք խորն են ու բազմաշերտ,  և լուծման ճանապարհին անհրաժեշտ են համալիր քայլեր: «Այս առումով վարձատրության բարձրացումը կլինի պետական միջոցների անարդյունավետ միջոց»,-կարծում է Ֆարմանյանը,-նաև միամտություն ու ինքնախաբեություն կլինի կարծել, որ կոռուպցիան անխախտ գործելաոճ դարձրած պաշտոնյային մեկ միլիոին աշխատավարձ վճարելով՝ դարձի կբերեն»:

Ֆարմանյանը հորդորում է երկնքից իջնել երկիր և ընդունել, որ աշխատավարձերի բարձրացումը կարող է և պետք  է լուծի բացառապես սոցիալական խնդիրներ:

«Անգամ, եթե կառավարության կարծիքով՝ օրենսդրական տեխնոլոգիան անխուսափելիորեն սահմանում է միասնական սանդղակի ամրագրում, երկրում առկա սոցիալական ֆոնին պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն անընդունելի է և ոչ արդար»,-կարծում է նա:

Ֆարմանյանն առաջարկում է գոնե պատգամավորերի, մարզպետների, նախարարների վարձատրության նոր կարգը առկախել, ուժի մեջ չդնել, մինչև կգան ավելի լավ ժամանակներ:

«Ես համոզված եմ, որ բոլորդ էլ հոգու խորքում կիսում եք այս տեսակետը»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

Այս վերջին մտքին ընդդիմացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Դուրս է գալիս՝ մեզ վրա ճնշում եք գործադրում, պարոն Ֆարմանյան,-ասաց Հովիկ Աբրահամյանը,-եթե հոգու խորքում էդպես են մտածում՝ թող արտահայտվեն: Ես օրինակ, էդպես չեմ մտածում»:

Tags: ,