Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է պաշտպանության նախարարների նիստին

Սեյրան ՕհանյանՍ․թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ԱՅՍԱՖ) գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների հերթական կիսամյակային նիստին:

Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը և պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել ԱՅՍԱՖ գործողության ներկայիս ընթացքին, Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական ուժային մարմիններին փոխանցելու գործում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև 2014թ. Աֆղանստանում ԱՅՍԱՖ-ի փոխարեն մեկնարկելիք նոր՝ «Վճռական աջակցություն» առաքելության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի շուրջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաև գերմանական հրամանատարության ներքո գործող ԱՅՍԱՖ-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Tags: ,