Հերթական ցնցող պլաստիկ վիրահատությունն է իրականացվել Չինաստանում: Վաղ հասակում աղջկա` այրվածքներից չափազանց տուժած դեմքը փոխպատվաստել են` նախապես այն աճեցնելով հիվանդի կրծքին: Բժիշկներն ասել են, որ 17-ամյա չինուհին կսովորի օգտագործել իր նոր դեմքը , հաղորդում է Want China Times-ը:
17-ամյա Սյու Ձյանմեյը Չինաստանի հարավ-արևելյան Ֆուցզյան նահանգի ձկնորսական մի գյուղից է: Նրա դեմքը այլանդակվել է հինգ տարեկանում` հրդեհից: Աղջկա ծնոտը, կոպերը լրիվ այրվել էին, աջ ականջի հիմնական մասը նույնպես: Ավելի քան 10 տարի նրա ընտանիքը չէր կարողանում վճարել համապատասխան բուժման համար: Սակայն անցյալ տարի բժիշկներն առաջարկեցին չինուհուն լուծում, որը նրան և հարազատներին դուր եկավ: Բժիշկներն աճեցրեցին հիվանդի կրծքին նրա նոր դեմքը:
Չնայած նախավիրահատական կադրերը տհաճ են, բժիշկները խոստանում են, որ աղջկա դեմքի սպիները, որ առաջացել են իմպլանտից, կանցնեն և նա կունենա առողջ արտաքին տեսք: Վիրահատությունն անցել է մի քանի փուլով: Սկզբում բժիշկները վերցրել են աղջկա ազդրից հյուսվածք և տեղադրել ձախ ուսից քիչ ներքև: Սպասելով մինչ նոր մաշկ կառաջանա` նրանք անցել են Սյու Ձյանմեյի դեմքին:
Սա իհարկե Չինաստանում կատարված առաջին նմանատիպ վիրահատությունը չէ : Վերջերս ավտովթարի ենթարկված մի չինացու քիթն աճեցրել էին ճակատին:
Tags: Չինաստան, պլաստիկ վիրահատություն