«Փաշինյանը չի որոշելու՝ մենք ընդդիմություն ենք, թե ոչ». Աղվան Վարդանյան

Aghvan-Vardanyan23-e1344442118308Խորհրդարանում ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ հասցեին արված հայտարարությանը, ասաց, որ իր համար անընդունելի է, որ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել, գնահատել՝ ով է ընդդիմություն, ով ոչ. «Թող նախ նայեն իրենց խմբակցությանը»,-ասաց պատգամավորը:

Այնուհետև նա փորձեց հասկանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեխանիզմը. «Պարոն Մինասյանը ելույթ է ունեցել՝ հանգամանորեն ներկայացնելով մեր մոտեցումները և ասել, որ ովքեր դեմ են այս օրենքին, պոպուլիզմով են զբաղվում: Հիմա Նիկոլն իրեն չի կարող թույլ տալ, որ պոպուլիզմով է զբաղվում, պետք է իրեն արդարացնի, որ պոպուլիստ չէ, այլ լուրջ քաղաքական գործիչ է, և սա անելու համար իրեն իրավունք է վերապահել այս կտրվածքով նայել խնդրին»:

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ այս օրինագիծը ՀՅԴ վերջին տասը տարվա ծրագրային դրույթներից է: «Մենք ունեցել ենք մի խառնաշփոթ, խառնափնթոր համակարգմ, որտեղ որևէ չափանիշ դրված չի, և վաղուց ժամանակ էր սա անելու»:

Աղվան Վարդանյանը հիշեցնում է, որ օրենքը չի տարածվում միայն բարձրաստիճան 300-500 պաշտոնյայի, այլ շուրջ 160 000 հոգու վրա: Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերջին վեց տարիների ընթացքում պետական ծառայության ոլորտում ոչ մի լումա աշխատավարձ չի բարձրացել. «Կողքից դատելը շատ հեշտ է: Գնացեք, խոսեք քաղաքացիական ծառայության աշխատողների հետ: Պատկերացնում ե՞ք, այդ մարդկանց աշխատավարձերը այդքան տարի չի բարձրացել այս գնաճի պայմաններում»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից օրինակ բերված դատավորներին ու դատախազներին, ապա նշում է, որ այս օրենքով նրանց աշխատավարձերը չեն բարձրանում, այլ բերվում են ընդհանուր դաշտ. «Երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին՝ և՛ իր նախկին ամենամոտիկ շրջապատին, և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, միշտ մեծ է հավանականությունը, որ կարող է չարաչար սխալվել»:

Աղվան Վրդանյանի խորին համոզմամբ՝ սա այդ դեպքն է:

Նա Փաշինյանին ընկերաբար խորհուրդ է տալիս զբաղվել նրանով, ինչով կոչված է զբաղվել և չփորձել իրեն արդարացնել՝ ուրիշների վրա քար տենելով:  «Փաշինյանը չի որոշելու՝ մենք ընդդիմություն ենք, թե ոչ: Մենք փաստարկված ընդդիմություն ենք, անում ենք մեր գործը՝ առանց մեր շուրջը շատ նայելու՝ թեև նայում և տեսնում ենք ամեն ինչ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին խորհրդարանում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, քննադատելով նախագիծը, միաժամանակ քննադատել էր ՀՅԴ պատգամավորների տեսակետը, որ կողմ են նախագծին. «Իմ համեստ և անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետի սպանությունը բացահայտողի թիվ մեկ դերում լինելով՝ չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին, ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանալուն»,- ակնարկել էր Փաշինյանը:

Tags: , ,