ՀԱՕԿ-ը 23 տարեկան է

images ՀԱՕԿ1990 թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 11 ին, Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տան դահլիճում սկսվեց  Հայաստանի ազգային  օլիմպիական կոմիտեի հիմնադիր համագումարը: Միաձայն  առաջին նախագահ ընտրվեց  Ռուբեն Հակոբյանը:

Այսպիսով, ՀԱՕԿ-ի ստեղծումով   մեր երկրի մարզական պատվիրակություններն  առանձին թիմով, իր դրոշով  ու  օրհներգով մասնակցում  են  օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների , միջազգային մրցաշարերի:

1992 թ. Բարսելոնի օլիմպիական խաղերից հետո (մեր չորս մարզիկներ այնտեղ նվաճեցին երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ)  մեր օլիմպիականները սկսեցին նահանջել:

1996 թ.  Ատլանտայի օլիմպիական խաղերում  գրանցվեց  մեկական ոսկե և արծաթե մեդալ, 2000 –ին ` Սիդնեյի մարզահանդեսում  ` ընդամենը մեկ  բրոնզե պարգև, իսկ 2004-ին ` Աթենքում , հայաստանցի ոչ մի մարզիկ պատվո պատվանդանին կանգնելու բախտ չունեցավ: Եվ միայն  2004-ի տարեվերջին, երբ   ՀԱՕԿ-ի նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը, հայկական սպորտը կրկին սկսեց առաջադիմել: Պեկինի օլիմպիական խաղերում մեր պատվիրակության հաշվին գրանցվեց միանգամից վեց  բրոնզե մեդալ:

Մերոնք առավել վստահ հանդես եկան Լոնդոնում 2012 թ.  անցկացված օլիմպիական 30-րդ խաղերում:  16- ամյա ընդմիջումից հետո հաջողվեց կրկին արծաթե պարգև նվաճել /  ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ նրա երկու թիմակիցներ դարձան բրոնզե մեդալակիր /: Արդյունքում  մեր թիմը, նախորդ խաղերի համեմատ, վեր բարձրացավ 20 աստիճանով  և 205 երկրների պայքարում գրավեց  60- րդ տեղը:

Հաջողությունների  գործում մեծ է ՀԱՕԿ-ի դերը, որի աջակցությամբ Հայաստանում,  արտերկրում կազմակերպվում և անցկացվում են հայ մարզիչների մասնակցությամբ մասնագիտական սեմինարներ, տեսական և գործնական պարապմունքներ: ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում կայանում են միջազգային մրցաշարեր: Մեծ ուշադրություն է դարձվում մարզիկների սոցիալ տնտեսական հարցերի լուծմանը, ցույց է տրվում  բարոյական,  ֆինանսական ու նյութական աջակցություն: Առավելապես խրախուսվում են մեդալակիրները  և խոստումնալից մարզիկները:

Վաղը ` հոկտեմբերի 26-ին,  ՀԱՕԿ-ը դառնում է 23 տարեկան:  Այդ առթիվ շնորհավորում ենք մեր բոլոր օլիմպիականներին, միջազգային մրցաբեմերում հաջողության հասած հայաստանցի  մարզիկներին, ՀԱՕԿ-ի նախկին և ներկայի աշխատակիցներին և ընդհանրապես հայոց մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին:

Tags: ,