ԱՄՆ-ն քննադատել է Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ դրական գնահատականի համար: Քննդատությունը հնչել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության փոխնախագահ, հանրային հարցերով խորհրդական Քրիստոֆեր Միդուրայի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին ուղղված նամակում, հաղորդում է “Կոնտակտ” կայքը` հղում կատարելով “Թուրան” գործակալությանը:
“ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը լուրջ խնդիրներ է հայտնաբերել ընտրությունների բոլոր փուլերում, այդ թվում՝ քվեարկության օրը և արձանագրել, որ եղել է ազատ արտահայտման, հավաքների և միավորումների ազատության սահմանափակում: Միաժամանակ մեզ զարմացրել է ԵԽԽՎ-ի հայտարարությունը, թե ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ, այդ թվում՝ քվեարկության օրը”, -ասված է նամակում:
Այնուհետ Միդուրան հղում է արել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մարիա Հարֆի հայտարարությանը, որով աջակցություն էր հայտնվել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գնահատականին:
Միդուրան նշել է նաև, որ ԱՄՆ-ը վերջերս դարձել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիակատար անդամ և լիահույս է մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման ոլորտի առաջընթացի ապահովման հարցում համագործակցության մեջ:
“ԱՄՆ-ը հավատում է, որ ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը կարևոր դերակատարում ունեն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների հարգման, ժողովրդավաության և օրենքի գերակայության հետագա ամրապնդման հարցում”, -ասվում է նամակում:
Ընդդիմադիր Ազգային խորհրդի կողմից ներկայացված նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին նրանում, որ իրենք կաշառել են ԵԽԽՎ-ի առաքելության անդամներին: Ըստ նրա`բանակցությունները տեղի են ունեցել Ստրասբուրգի “Hilton” հյուրանոցում: Եվրոպայի խորհուրդը չի արձագանքել այս մեղադրանքին:
Tags: ԱՄՆ, եվրոպայի խորհուրդ
