Երևանն ու Մարսելը համագործակցելու են նաև առողջապահական ծրագրերով

001 (7)Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Մարսելի պատվիրակության անդամներն այցելել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ մասնակցելու Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի և Մարսելի <<Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ>> բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման միջև   գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։ Ողջունելով բժշկական կենտրոնի անձնակազմին՝ Մարսելի սենատոր-քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին մարդասիրական իրենց առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։

Այնուհետ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և Մարսելի <<Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ>> բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Ռոմատեն ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցություն մանկական վիրաբուժության, օրթոպեդիայի, վնասվածքաբանության, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման, ճառագայթաբանության և մի շարք այլ բնագավառներում։ Գործակցության հիմքում փորձի փոխանակումն ու վերապատրաստումն է։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշել է, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ևս իր լիազորությունների սահմաններում կաջակցի Երևանի և Մարսելի այս բուժհաստատությունների համագործակցությանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: