Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսին

նալբանդյանԲարև Ձեզ,

Ուրախ եմ ողջունել Երևանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով այդ կարգավիճակում արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան:

Պարոն Յագլանդի այս այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:

Ուղիղ մեկ ամիս անց՝ մայիսի 16-ին, Հայաստանը վեց ամսով ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարևոր հանգրվան է Հայաստանի համար իբրև ԵԽ անդամ երկիր, բայց նաև՝ մեծ պատասխանատվություն, և մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու մեր նախագահությունը:

ԵԽ նախարարների կոմիտեում մեր նախագահության գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն: Շատ միջոցառումներ են նախատեսված։ Ամբողջական ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում։

Գլխավոր քարտուղարի հետ մենք քննարկեցինք նաև Եվրոպայի Խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին՝ փորձելով մեր ներդրումը բերել Եվրոպայի Խորհրդի համար կարևոր գործընթացներին: Մենք ողջունում ենք Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի ձեռնարկած բարեփոխումները և հետևողականորեն աջակցել, աջակցում և աջակցելու ենք դրանց:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել՝ 12 տարի: Այդ ժամանակահատվածում մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում և խորքային բարեփոխումներ ենք իրականացրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում: Հանդիպման ընթացքում Հայաստանի՝ որպես ԵԽ անդամ պարտավորությունների և հանձնառությունների առումով, երկուստեք կարևորել ենք Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:

Այսօր պարոն Յագլանդի հետ ստորագրեցինք Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման և դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:

Հանդիպման ընթացքում Գլխավոր քարտուղարին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության, միջնորդների կողմից ձեռնարկվող քայլերը:

Հիմա կցանկանայի  սիրով խոսքը փոխանցել պարոն Յագլանդին:

 

 

 

 

 

***

 

Հրածին Սաֆարյան: Հ2: Պարոն նախարար, հետաքրքիր է, Հայաստանի նախագահության շրջանակներում կարևոր միջոցառումները որոնք են լինելու: Կարող եք մեկ-երկուսը նշել:

Էդվարդ Նալբանդյան: Ինչպես ասացի, ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում, բայց կարող եմ այսօր նշել, որ բավական կարևոր խորհրդաժողովներ, միջոցառումներ են նախատեսված խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, մշակութային, կրոնական երկխոսությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը, մշակույթը: Նախատեսված է նաև հանդիպում Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով։ Մեր նախագահության շրջանակում կկայանան  բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ: Հատկապես ես կցանկանայի նշել հանրապետության նախագահի նախատեսված այցելությունը Ստրասբուրգ: Մի շարք մշակութային միջոցառումներ կկազմակերպվեն, ցուցահանդեսներ, համերգներ, բայց կցանկանայի հիշատակել «Սպարտակ» բալետի ներկայացումը Ստրասբուրգում: Այսինքն, բավական մեծ է այս միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում:

 

Արտակ Բարսեղյան: Հայաստանի Հանրային ռադիո: Երկու կարճ հարց: Պարոն Նալբանդյան, արդյո՞ք Հայաստանի նախագահության շրջանում սպասվում է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և նոր կառավարության ձևավորման շրջանակներում արդյո՞ք Դուք հանդիպել եք նախագահի հետ և ստացել նրանից առաջարկություն շարունակել պաշտոնավարել: Շնորհակալություն:

 

Էդվարդ Նալբանդյան: Երկրորդ հարցին պատասխանեմ: Եթե դուք նկատի ունեք տարբեր բամբասանքները, որոնք տպվում են մեր թերթերի մեջ, ապա չեմ կարծում, որ դրանք մեկնաբանելու կարիք կա: Իսկ ինչ վերաբերում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի: