Կոմպոզիտորների միության համագումարը շարունակվում է

timthumb.php

Այսօր Կոմպոզիտորների միության դահլիճում շարունակվում է Կոմպոզիտորների միության համագումարը, որը մեկնարկել էր երեկ`  ՀՀ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում`  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:

Միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ վայր է դնում նախագահի իր լիազորությունները, իսկ թե երբ տեղի կունենան միության նոր նախագահի ընտրություններ, հստակ հայտնի չէր եղել: Ամիրխանյանը նշել էր, որ չի ցանկանում համագումարը սահմանափակել մեկ օրվա մեջ, հնարավոր է, որ այն տևի երեք օր:

Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնի թեկնածուներն են Ռոբերտ Ամիրխանյանն ու նրա թիվ մեկ ընդդիմախոս կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

Երեկ, մինչ համագումարի մեկնարկը, Ամիրխանյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, որտեղ ոչ հաստատել, ոչ բացառել էր միության նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը. «Իմ նպատակը չէ միության նախագահը լինել, իմ նպատակն այն է, որ միությունը կարողանա ապրել: Հակառակ դեպքում, ես իմ երաժշտությունն ունեմ: Ես չեմ որոշում, որ մնամ, որոշողը միության անդամներն են»:

Համագումարն անցել էր լարված մթնոլորտում, այսօր էլ այն զերծ չի եղել լարվածությունից և փոխադարձ մեղադրանքներից:

Ավելի վաղ «Անկախ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին շրջանում իր հասցեին հնչող քննադատություններին, Ռոբերտ Ամիրխանյանն ասել էր. «Այդ կռիվը նոր չէ, դա շարունակվում է արդեն 22 տարի: Երբ ես 1991 թ. ընտրվեցի միության ղեկավար, մի քանի հոգի նետեցին իրենց անդամատոմսերը և հեռացան: 22 տարի հետո էլ նույն մարդիկ են: Պարզապես հիմա վարկաբեկելու նոր միջոցներ են փնտրում: Ինձ անհանգստացնում է այն կեցվածքը, որ այսօր իմ կոլեգաներն ընդունել են: Նրանք, այնուամենայնիվ, մեր ընկերներն են, և ես հույս ունեմ, որ կվերանայեն իրենց քաղաքականությունը` հասկանալով, որ մարդուն սևացնելով` որևէ բանի չես հասնի: Հարկավոր է գաղափարական կռիվ տանել և ոչ թե մեղադրելով հասարակության աչքում փորձել ցածրացնել: Սովորաբար նման դեպքում հենց ինքդ էլ ցածրանում ես: Ես կոչ կանեի նրանց խոհեմ լինել և մեր տան կռիվը, որը նոր չէ, լուծել ինքներս: Ասեմ նաև, որ ինձ պաշտոնապես որևէ մեկը չի դիմել և որևէ առաջարկ չի արել: Ես միայն կողքից եմ լսում այս կամ այն բանի մասին»:

Հարցին, թե դե՞մ եք, որ Դիլիջանի Կոմպոզիտորների տունն անվանակոչվի Էդուարդ Միրզոյանի անվամբ, Ռոբերտ Ամիրխանյանն ասել էր. «Ոչ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Ես դեմ եմ այն մեթոդներին, որ իմ հանդեպ կիրառում են: Եթե դեմ լինեի, Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության կազմակերպման  կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ վարչապետի և նախարարների ներկայությամբ չէի առաջարկի, որ Դիլիջանի տան դահլիճն անվանակոչվի նրա անվամբ: Եթե դա առաջարկել եմ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ նաև Դիլիջանի Կոմպոզիտորների տունը նրա անունով անվանակոչելուն: Բայց այդ որոշումը պետք է կայացնի միությունը համագումարում, որն առաջիկայում տեղի կունենա: Մի՞թե ես այդքան ցածր մարդ եմ, որ մեր ուսուցչի հանդեպ նման վերաբերմունք ունենամ, գլուխս չի մտնում էդ բանը…»:

Tags: