Արդեն ավանդական դարձած Վերադարձի Դասական Երաժշտության Յոթերորդ Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի մայրաքաղաքի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին, առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:Այդ առիթով այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան Փառատոնի հիմնադիրներ, “Արվեստների Պատկերասրահ”մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը,հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը և փառատոնի մասնակիցները:
Համերգային ծրագիրը, որը նվիրված է Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին, կներկայացնեն երաժիշտներ Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, Ճապոնիա), Միքայել Հախնազարյանը (թավջութակ, Գերմանիա), Մերի Մովսիսյանը (սոպրանո), ինչպես նաև Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Փառատոնի մեկնարկը կլինի հոկտեմբերի 29-ին` Արամ Խաչատրյան Համերգասրահում, որը կսկսվի Մերի Մովսիսյանի կատարումով:Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով` 5 համերգ Երևանում, 1 համերգ Աբովյանում, և կեզրափակվի նոյեմբերի 20-ին:
“Երբ ես փոքր էր հայրիկս ինձ պատմում էր Կովկասի և Հայաստանի մասին և իմ երազանքն էր լինել Հայաստանում, որովհետև ես շատ հայ ընկերներ ունեմ Եվրոպայում:Ես զգում եմ մարդկանց յուրահատուկ ջերմությունը: Շատ ուրախ եմ ,որ հանդիպելու եմ տեղի մարդկանց հետ և տեսնելու եմ, թե ինչպես է Հայաստանի իսկական կյանքը”,- ասաց Տոմոկո Ակասական:
“Մենք մեր առջև խնդիր ենք դրել Վերադարձի փառատոնի շրջանակում այսպիսի համատեղ ծրագրի ընթացքում մասնակիցներին ծանոթացնել հայ մշակույթին”,-նշեց Մարիամ Շահինյանը:
Մերի Բալասանյան
Tags: Մարիամ Շահինյան, Վերադարձի Դասական Երաժշտության Յոթերորդ Փառատոն