Այսօր Ստամբուլ քաղաքի համար պատմական օր է: Ժամեր անց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը կիրականացնեն քաղաքի ասիրական և եվրոպական ափերն իրար կապող «Marmaray» ստորջրյա թունելի բացման արարողությունը: Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-րդ տարելիցը և աշխարհի ամենախոշոր ու կարևոր նախագծերից մեկը հանդիսացող «Marmaray»-ի բացումը նվիրված է հենց այս տոնին:
Դեռևս 1860-ական թվականներին առաջացած մտահղացումն այսօր իրականություն է դառնում: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ թունելի գործարկման արարողությանը ներկա են գտնվելու բացմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: 56 մետր խորության վրա փորված «Marmaray»-ը համարվում է աշխարհի ամենախորը ստորջրյա թունելը: Նախատեսվում է, որ ստորջրյա նոր գնացքն ամեն օր մոտ 1 միլիոն ուղևոր կտեղափոխի Ստամբուլի մի ափից դեպի մյուսը: Արագընթաց գնացքների շնորհիվ ուղևորության ժամանակը զգալիորեն կրճատվելու է: Օրինակ՝ Ստամբուլի ասիական ափին գտնվող Ուսքյուդար թաղամասից դեպի եվրոպական ափի Սիրքեջի թաղամաս այսուհետ կարելի է հասնել ընդամենը 4 րոպեում, այնինչ նախկինում դա հնարավոր էր միայն ջրային ավտոբուսների միջոցով առնվազն 15-20 րոպեում: «Marmaray»-ի շինարարությունը տևել է 9 տարի, որի համար ծախսվել է 9,3 միլիարդ լիրա: Գնացքի տոմսերի արժեքը չի տարբերվի քաղաքում գործող մյուս փոխադրամիջոցներից գնից՝ կազմելով 1,95 լիրա:
Tags: թուրքիա