Կրոնական ազատության ամերիկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանին

043000034586Միջազգային կրոնական ազատության ամերիկյան հանձնաժողովը (USCIRF) ապրիլի 30-ին հրապարակել է ամբողջ աշխարհում դավանանքի ազատության խախտման մասին ամենամյա զեկույցը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, 364-էջանոց զեկույցում տեղ է գտել նաև Ադրբեջանը: Նշվում է, որ 2009թ. Բաքվում ընդունվել է ռեպրեսիվ կրոնական օրենք, ինչը սահմանափակում է կրոնական գործունեության շրջանակները:

“Չնայած հանդուրժողականության և ազատության մասին պաշտոնական հայտարարությունների`վերջին տարիների ընթացքում վիճակը Ադրբեջանում վատացել է. մի շարք կրոնական կազմակերպություններ փակվել են, իսկ մարդիկ ձերբակալվել և տուգանվել են ոչ բռնի կրանական գործունեության համար”,-նշվում է զեկույցի մեջ:

Ադրբեջանում մահմեդականների համար կան լրացուցիչ սահմանափակումներ. բոլոր մահմեդական կրոնական առաջնորդները, ովքեր նշանակվում են պետության կողմից, պետք է լինեն Ադրբեջանում կրթություն ստացած քաղաքացիներ: Բոլոր գործող մզկիթները պետք է պատկանեն Կովկասի մուսուլմաններին, և միայն Ադրբեջանի քաղաքացիները կարող են ստեղծել իսլամական կրոնական համայնքներ: Համաձայն 2008թ.-ի պետական կարգադրության`մզկիթներից դուրս արգելվում է աղոթել, և ոստիկանները պետք է հետևեն այդ կարգադրության իրականացմանը:

Կրթության նախարարությունը 2010թ.-ին որոշում ընդունեց դպրոցական համազգեստի մասին.արգելվում է դպրոցում կրել հիջաբ (իսլամական գլխաշոր): Նման որոշման դեմ բողոքի մեծ ալիք բարձրացավ, ինչի պատճառով 2012թ. հոկտեմբերին ձերբակալվեց 72 մարդ: Հետագայում հիջաբ կրելու արգելքը տարածվեց նաև ուսանողների վրա:

Զեկույցում` կրոնական ազատության խախտման երկրորդ կատեգորիայի երկրների շարքում, բացի Ադրբեջանից տեղ են գտել նաև Աֆղանստանը, Կուբան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Լաոսը և Ռուսաստանը:

 

Tags: