Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII փառատոնը` որպես նոր շունչ, շարժում

Հայաստանի թատերական գործիչների միություն  Հայաստանի թատերական գործիչների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնը, որին այս տարի կմասնակցեն Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Թիբիլիսիից` ընդհանուր թվով 16 ներկայացում:

 Փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանում, իսկ ահա Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը ներկա գտնվելով ներկայացումներին` կընտրեն դրանցից մեկը Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրին մասնակցելու համար: Նշված ծրագրի շրջանակում փառատոնը կկայանա 2014 թ.-ի ամռանը` Մինսկում:

Ներկայացումների քննարկումներն անցնում են երիտասարդ թատերագետների, մասնագետների, ինչպես նաև հանդիսատեսի մասնակցությամբ, իսկ քննարկումների վերջնական ամփոփումը կկատարի ՌԴ-ի ժող. արտիստ, Չեխովի անվ. ՄԽՏ-ին կից Մեյերխոլդի անվ. մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը:

Ըստ թատերագետ Լևոն Մութաֆյանի փառատոնը այս ութ տարիների ընթացքում ունեցավ իր պատմությունն ու հետագիծը. <<Շնորհիվ փառատոնի թատերական կյանքում նկատվում է նոր շունչ, շարժում>>:

 

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոնն առաջին անգամ կայացել է 2006 թ.-ին` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:

 

Լուսինե Ասատրյան

 

Tags: