Միանում ենք տրանսպորտի ոլորտի ապաքրեականացմանը. «Մենք ենք այս քաղաքի տերը»

menqenq-logo«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման նոր փուլին և կոչ է անում երևանցիներին՝ պատասխանատվության կանչել հանրային միջոցներն ու հանրային ունեցվածքը չարաշահող պատասխանատուներին: Մեր՝ քաղաքացիներիս վճարած հարկերի գողությունը քաղաքապետարանի կողմից արդեն դարձել է սովորություն:

Երևանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների հանցագործությունները, գծատեր լինելն ու կոռուպցիան վկայում են, որ Երևանի քաղաքապետարանը վերջնականապես կորցրել է հաշվետու և թափանցիկ կառավարման ընդունակությունը: Իմիտացիոն հանձնաժողովները՝ ինչպես տրանսպորտի ոլորտում, այնպես էլ էկոլոգիականը, պարզապես խորամանկություն և խորհրդային ոճի դրածո կոմիտեներ են:

Ինչպես հանրային կանաչ տարածքների ապօրինի յուրացման դեպքում, այնպես էլ տրանսպորտի ոլորտում հանրային շահի ոտնահարումը և մեր առողջության ու կյանքի վտանգման հաշվին մի քանի անձանց հարստացումը տանում են մայրաքաղաքի կենսագործուներության կոլապսին:

Կոչ ենք անում երևանցիներին քաղաքապետարանում հայտնված հանցավոր անձանց ցույց տալ հանրության կամքը և ինքնուրույն քաղաքացիական գործողություններ իրականացնել:

Քաղաքացիական համերաշխության և ինքնակազմակերպման շնորհիվ իրավագիտակից հանրությունը կհասնի Երևանում արդար և ժողովրդավար կառավարման իրականացմանը:

«Մենք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնություն

Tags: ,