Այսօր լրագրողներին հանդիպեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Եվ քանի որ այժմ մեր երկրի ազգային ընտրանին առանց գլխավոր մարզչի է մնացել, առաջնահերթ հետաքրքրում է, թե ով է ստանձնելու թիմի ղեկը:
Նա նշեց, որ փորձել է համոզել Վարդան Մինասյանին, որ նա շարունակի մարզել Հայաստանի հավաքականը, սակայն արդյունքի չի հասել: Հայրապետյանն ափսոսանք հայտնեց, որ Մինասյանը հեռացել է: Նա նշեց նաև, որ վերջինս խորհուրդ է տվել հրավիրել իսպանացի կամ ֆրանսիացի մասնագետների: «Ես չեմ բացառում, որ նոր մարզիչը լինի արգենտինացի կամ գերմանացի: Խնդրում եմ չկառչեք գերմանացիներից և ասեք, թե դա կապված է իմ մականունի հետ»,-ասաց ՀՖՖ նախագահը:
Պարզաբանվեց, որ սկզբում բանակցել է Ֆրանսիայում աշխատող Միշել Տեր-Զաքարյանի հետ, սակայն մերժում է ստացել, որ նա այս պահին չի կարող մարզել հավաքականը:
«Նա մերժեց ինձ, այնպես մերժեց, որ այլևս չեմ կարող շարունակել: Տեր-Զաքարյանը պայմանագիր ունի իր թիմի հետ: Բայց շատ ցանկալի կլիներ նրա հետ աշխատել»,-ասաց Հայրապետյանը:
Տեղեկացվեց նաև, որ հանրածանոթ մարզիչ Սերխիո Մարգարյանն էլ գրավոր դիմել է, որ այլևս չանդրադառնան իր չգալուն:
ՀՖՖ նախագահը գտնում է, որ եթե հավաքականի գլխավոր մարզիչն արտերկրից հրավիրվի, նա պետք է Հայաստանում բնակվի: «Մենք մարզիչ ենք բերում, ոչ թե տուրիստ: Այլևս սխալներ չենք կարող թույլ տալ»,-եզրափակեց Հայրապետյանը:
Tags: Ռուբեն Հայրապետյան, սպորտ, ֆուտբոլ