ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ոչ ֆուտբոլային կնճռոտ հարցերի մասին

221349121383123750ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև մեր օրերում շրջանառվող ոչ ֆուտբոլային կնճռոտ հարցերի:
Հայտնի է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի, որդին ներկայումս անազատության մեջ է և նրան լուրջ մեղադրանք է ներկայացվել` կապված թմանյութեր տեղափոխելու հետ:

Հայրապետյանն ասաց, որ ինչքան տեղյակ է Յուրի Վարդանյանն այնքան է հոգնել այդ ամենից, որ նույնիսկ փաստաբան չի վարձել: Նշվեց, որ ցանկացածի հետ կարող է այդպիսի բան  պատահել, իսկ նրա որդին չափահաս մարդ է, որի համար հայրը չի կարող պատասխանատվություն կրել: Բանախոսը Վարդանյանին  լեգենդ է համարում, իսկ տեղի ունեցածը` դժբախտ պատահար: ՀՖՖ նախագահը  ուղղակի խնդրեց, որ ընտանիքի հետ կապված շահարկումներ չարվեն,  քանի որ Վարդանյանն ամենից շատ կուզեր, որպեսզի նման բան կատարված չլիներ:

Հայտնվեց, որ Վարդանյանը ցանկանում է սպորտը հանել ճահճից: Ըստ Հայրապետյանի` սպորտը օդանավակայանում ծաղկեպսակ մարզիկների վզին գցելը չէ և պետք չէ սպորտը խառնել քաղաքականության հետ:

«Նա փորձում է սպորտը հեռու պահել քաղաքականությունից: Եթե մենք աջակցենք սպորտի ղեկավարին, ապա կունենանք հաջողություններ: Միանգամից մի փորձեք ցեխ շպրտել»,- խորհուրդ տվեց ՀՖՖ նախագահը:

Արթուր Բաղդասարյանի Հայաստանի վոլեյբոլի ֆեդրացիայի նախագահ դառնալու հետ կապված էլ, ասվեց, որ այդ կազմակերպության նախագահի պաշտոնը իրենից մեծ բան չի ներկայացնում, և անարդարության մասին անիմաստ է խոսել: Վոլեյբոլի ֆեդերացիան էլ հասարակական նույնպիսի կազմակերպություն որակվեց, ինչպիսին է ազգային օլիմպիական կոմիտեն, ֆուտբոլի ֆեդերացիան և որևէ մեկին իրավունք չի տրվում ասել, թե այլ հասարակական կազմակերպությունն ինչպես պետք է կատարի նախագահի ընտրություն:

Հայրապետյանի կարծիքով` Արթուր Բաղդասարյանն այն մարդն է, որը կարող է բարձրացնել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հեղինակությունը:

Tags: , , , ,