Բարեկեցիկ արաբական երկրները, որոնք հարուստ են նավթային պաշարներով, չեն զիջում ասիային երկրներին նորաձև հագուստի բարձր պահանջարկի տեսանկյունից: Տեղացի աղջիկները լավ ծանոթ են նորաձևության աշխարհի բոլոր նորություններին և ամենահայտնի դիզայներների հավաքածուներին: Ահա ադրբեջանական «Gapp» կայքում հրապարակվել է մի ուսումնասիրության արդյունքներ արաբական երկրների՝ մասնավորապես Դուբայի կանանց և աղջիկների նախասիրությունների մասին: Պարզվում է, որ Արևելքի բարձրաշխարհիկ տիկնայք, չնայած ոտքից գլուխ փակված են մուսուլմանական ավանդական հագուստով, այնուհանդերձ մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ են հագնում հիջաբի տակից՝ մշտապես գնելով խանութներում հայտնված նորանոր զգեստները: Այն հարցին, թե «Ինչու՞ եք թանկարժեք իրեր գնում, եթե դրանք կարող են տեսնել միայն ձեր ընտանիքի անդամները», արաբ աղջիկները այսպես են պատասխանում. «Բայց չէ որ ընտանիքն ու ամուսինը ամենակարևորն են մեր կյանքում: Մենք հագնվում ենք նրանց համար: Մեզ բոլորովին էլ չեն հետաքրքրում շրջապատի մարդիկ: Ընտանեկան միջավայրում մենք կարող ենք կրել բացարձակ այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս, նույնիսկ կարճ զգեստներ»:
Ասում են, թե Աբու Դաբիի գիշերային ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցը երկու աղջկա թույլ չի տվել մտնել ակումբ միայն այն պատճառով, որ նրանք հիջաբով են եղել: Այդ ժամանակ աղջիկները ցուցադրաբար հանել են իրենց վերնահագուստը՝ ցույց տալով տակից հագած կարճ գրավիչ զգեստները: Հետաքրքրական է, որ այն հարցին, թե Արևելքում ինչպես են կրում ադամանդները, երբ են դրանք տեղին, իսկ երբ ոչ այնքան, արաբ կանայք չեն շտապում համեստ պատասխան տալ: «Էմիրություններում ադամանդներ կրում են ամենուր: Մենք նույնիսկ քնում ենք դրանցով»,-նշում են նրանք:
Tags: Դուբայ, հիջաբ
