Վաշինգտոնը հույսը դնում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունների “նոր ջանքերի և վստահության” վրա: Այս մասին “Թուրան”-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Անդրադառնալով համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցին՝ նա ասել է, որ իր աշխատանքի իմաստը երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների կողմից որոշման կայացումն է, ինչը տարածաշրջանում երկարատև խաղաղություն կապահովի: “Տարածաշրջանի հետ իմ ծանոթության արդյունքում տեսա, որ մարդիկ կարգավորում են ցանկանում և գիտակցում են, որ կորուստներ են լինելու… Եթե հակամարտությունը կարգավորվի, համոզված եմ, որ դա բարեկցություն կբերի Կովկասին: Ուստի պետք է փնտրենք ու գտնենք այնպիսի ուղիներ, որոնք մարդկանց ու կառավարություններին թույլ կտան հասնել այդ նպատակին”,-ասել է նա:
Տարածաշրջանում տիրող իրավիճակը “վտանգավոր” անվանելով՝ Ուորլիքն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սպառազինվել, չնայած որ հակամարտությունը “հայելային հնարավորություններ” ունի, եթե երկու երկրների առաջնորդներն ընտրեն խաղաղ տարբերակն ու Մինսկի խմբի ձևաչափը: Հաշվի առնելով, որ այսօր միջնորդները երկար ժամանակ անց փորձում են բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել երկու երկրների առաջնորդներին, “կողմերի՝ միմյանց վստահելը կենսական նշանակություն է ձեռք բերում”,-ընդգծել է նա :
“Հաջորդ շաբաթ պատրաստվում ենք այցելել տարածաշրջան՝ հանդիպելու երկու նախագահների հետ էլ: Հուսով ենք, որ նրանք հանդիպման մասին որոշում կկայացնեն”,-ընդգծել է Ուորլիքը: Պատասխանելով սպասվող հանդիպման տեղի և ժամանակի մասին հարցին, դիվանագետն ասել է, որ “դա կախված է լինելու հենց նախագահներից”:
