Առաջին անգամ հիջաբով կինը մտել է թուրքական մեջլիս

հիջաբԱյսօր Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցությունից չորս կին պատգամավոր խորհրդարան են մտել հիջաբով: Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գլխաշորով կինը մուտք է գործում թուրքական մեջլիս: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրղողանը հայտարարել է, որ երկրի բոլոր քաղաքական կուսակցությունները պարտավոր են հարգել խորհրդարանում հիջաբ կրելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը: Էրդողանի խոսքերով՝ օրենսդրության մեջ խորհրդարանում հիջաբ կրելու վերաբերյալ որևէ արգելք չկա: Իր հերթին ԱԶ կուսակցույան փոխնախագահ Հուսեյին Չելիքը նշել էր, որ ոչ մի քաղաքական կուսակցություն իրավունք չունի արգելելու հիջաբի կրումը: Ըստ Չելիքի՝ Թուրքիան ժողովրդավար պետություն է և նրա յուրաքանչյուր քաղաքացի ինքնաարտահայտման իրավունք ունի:
Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է բողոքի ցույց անցկացնել երկրի խորհրդարանում հիջաբ կրելու թույլտվության դեմ: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ավանդաբար համարվելով Քեմալ Աթաթուրքի հռչական լայիցիզմի՝ աշխարհիկության սկզբունքի պահապանը, իր դժգոհությունն է հայտնել այս փոփոխության դեմ՝ դիմելով Սահմանադրական դատարան և պահանջելով արգելել հասարակական վայրերում հիջաբ կրելը:

Tags: , ,