ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին`Օրհան Զեյնալովի մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Բյուլբյուլօղլուն նշել է, որ Զեյնալովի իրավունքները պաշտպանելու համար փաստաբան է վարձվել։ Դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ, և նա ներկայացրել է բողոքները, որոնք փոխանցվել են համապատասխան մարմիններին։
Բյուլբյուլօղլուն նշել է, որ ներկայում Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրներ չկան։ “Մեր պետությունների միջև որևէ խնդիր չկա։ Կան հանրային խնդիրներ։ Գաղտնիք չէ, որ որոշ ներգաղթյալներ իրենց սխալ են պահում, իսկ որոշները՝ հանցագործություններ են կատարում։ Սակայն դա քաղաքականացնել կամ որպես ազգամիջյան կամ պետությունների միջև խնդիր ներկայացնելը սխալ է։ Եթե քաղաքացին որևէ հանցագործություն է գործել, պետք է պատժվի օրենքով”,-ասել է դեսպանը։
Հարցին, թե երկու երկրների միջև վիզային ռեժիմ կկիրառվի՞ արդյոք, նա պատասխանել է. “Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե Ռուսաստանը բարձրացնի այդ հարցը, Ադրբեջանը կքննարկի և կարճ ժամանակահատվածում որոշում կկայացնի”։
Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:
